Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Համամիտ չեմ այն կետին, որով ռուսերենը հավասարեցված է հայերեն լեզվին»․ Արցախի «Լեզվի մասին» օրենքի նախագծի համահեղինակ

«Համամիտ չեմ այն կետին, որով ռուսերենը հավասարեցված է հայերեն լեզվին»․ Արցախի «Լեզվի մասին» օրենքի նախագծի համահեղինակ
Քաղաքականություն
15:19, 17 февраль 2021
«Երբ Արցախում հայտնվեցին ռուս խաղաղապահները, մենք հայտնվեցինք այնպիսի իրավիճակում, որ պետք է առնչվենք նրանց հետ՝ խոսքը գնում է պետական հիմնարկների նամակագրական շփման մասին։ Օրինակ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ուզում եմ ռուս խաղաղապահներին ինչ-որ մի գրություն գրեմ, ի՞նչ լեզվով պետք է գրեմ՝ հայերեն, ճի՞շտ է, որովհետև Սահմանադրությունը դա է պահանջում։ Մենք պետք է կարգավորումներ անեինք, որով օրենք չխախտեինք»,- Civic.am-ի հետ զրույցում Արցախի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն այսպես մեկնաբանեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Նշենք, որ Արցախի ԱԺ կայքում հրապարակվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենն ու ռուսերենը․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»,-գրված է նախագծում: 

Հարց ուղղեցինք Մետաքսե Հակոբյանին, թե եթե խոսքը գնում է միայն պաշտոնական նամակագրության մասին, արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի օգտվել նոտարական թարգմանչական ծառայություններից․ ի պատասխան մեր այս հարցին Արցախի ԱԺ պատգամավորն արձագանքեց․ «Դուք պատկերացնու՞մ եք օրական քանի գրության մասին է խոսքը, և ինչքան պետք է լինեն այդ թարգմանությունները»։ 

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ռուսական կողմից որևէ ակնարկ չի եղել, որ ռուսերենը դառնա պաշտոնական լեզու, սակայն հաշվի է առնվել նաև այն փաստը, որ Արցախի անվտանգությունն ապահովվում է ռուսական կողմը, ինչպես նաև Արցախը պետք է իր անվտանգությունն ապահովվի, հետևաբար ավելի խորը հարաբերություններ են պետք։ 

Թեպետ ինքը նախագծի համահեղինակներից է, այնուամենայնիվ Մետաքսե Հակոբյանն ասաց, թե կողմ չէ ռուսերենը հայերենին հավասարեցնելու այս առաջարկին։ «Ես ի սկզբանե համամիտ չեմ եղել այն դիրքորոշմանը, որն այսօր նախագծով սահմանված է, որով ռուսերենը հավասարեցված է հայերեն լեզվին։ Օրենքի հիմնական հեղինակը Արցախի ԱԺ-ի ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է՝ Արամ Հարությունյանը։ Նա ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի հետ քննարկման արդյունքում ստացել է նախագծի այս տարբերակը, որը դրված է շրջանառության։ Երբ իրենք ինձ հետ խորհրդակցեցին, ես ասացի, որ համաձայն չեմ այս ձևակերպմանը և առաջիկայում պատրաստվում եմ իմ առաջարկը գրավոր ներկայացնել։ Նախագիծը դեռ գլխադասային հանձնաժողովում պետք է քննարկման դրվի, սա դեռ չունի վերջնական տեսք, հնարավոր է շատ բաներ փոխվեն»,-ասաց նա։ 
  
Մեր զրուցակցի տեսանկյունից՝ այս նախագծով հայերեն լեզուն նույնիսկ ստորադասվել է․ «Իմ առաջարկով ռուսերենը չպետք է հավասարեցվի հայերենին, այլ որոշակի կարգավիճակի բարձրացում լինի։ Օրինակ՝ պաշտոնական գրություններն անհրաժեշտության դեպքում գրվեն նաև ռուսերենով, կամ, օրինակ՝  պատերազմից հետո, Արցախի պետական հեռուստաալիքով (ԱՀ) խաղաղապահների գործունեության վերաբերյալ հաղորդում է հեռարձակվում և այն շարունակական է լինելու։ Հաղորդումը, բնականաբար, նայում է նաև ռուսական կողմը, հետևաբար որպեսզի թարգմանիչով չխլացնենք, տակից հայերեն տիտրեր կգնան»։

Մետաքսե Հակոբյանը վճռական է տրամադրված, եթե իր առաջարկին հանձնաժողովը համաձայնություն չտա, ինքը կհրաժարվի նախագծի համահեղինակ լինելուց։ «Մեր խմբակցության դիրքորոշումն այն է, որ թույլ չտանք ազգային արժեքների փոփոխություն»,-վստահեցրեց նա։ 
  
Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ ռուսերեն լեզուն այս նախագծով պաշտոնական, այլ ոչ թե պետական է դառնալու։ Իսկ պետական դառնալու հարցը Սահմանադրությամբ պետք է փոխվի՝ հանրաքվեով․ «Ինչպե՞ս եք պատկերացնում մենք այս վիճակում հանրաքվե անցկացնենք»։

Նարա Մարտիրոսյան