Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովաների դժգոհության պատճառն այն է, որ մենք սկսել ենք զբաղվել ՀՀ պետական շահերի պաշտպանությամբ. Գուրգեն Արսենյան

«2022թ. գործունեության ֆոնի ներքո մենք ունենք հետևյալ արձանագրվող շոշափելի իրադարձությունները: Համար մեկ՝ նախարարի աննախադեպ ակտիվությունը. ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դա նման է ինչ-որ աղետի ժամանակ շտապօգնության մեքենայի՝ այնքան շատ է տարբեր տեղեր գնում-գալիս: Այդ հաճախականությամբ մենք երբեք չենք ունեցել շփումներ արտաքին աշխարհի դիվանագիտական ներկայացուցչույունների հետ, ընդունում եք, չէ՞»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Նա նշեց, որ դիվանագիտական բաղադրիչը ռազմական բաղադրիչի մաս է:

 «Մեր երկրի քաղաքական միջավայրում ու հանրային գիտակցության մեջ ինչ-որ բան է փոխվել, որը մարդիկ տեսնում են, բայց չեն պատկերացնում, թե պատճառը որն է: Պայմանական ասած, Զախարովաների կողմից բողոքի ինչ-որ թեզեր կան Հայաստանի, իշխանությունների մասին՝ քողարկված և բացահայտ դրսևորումներով: Պատճառն այն է, որ մենք սկսել ենք զբաղվել Հայաստանի պետական շահերի պաշտպանությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցն է: Զեկուցողներն են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: