Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունից ավելի քան 30 մլրդ դրամի հարկ թաքցրած Գագիկ Ծառուկյանը խոստանում է մարել քաղաքացիների 130 մլրդ դրամի վարկերը

Պետությունից ավելի քան 30 մլրդ դրամի հարկ թաքցրած Գագիկ Ծառուկյանը խոստանում է մարել քաղաքացիների 130 մլրդ դրամի վարկերը
Քաղաքականություն
19:12, 10 май 2021
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանում 2 մլն 200 հազար վարկ ունեցող մարդ կա։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ խմբակյցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ օրերս նշեց, թե իրենք վեր են լուծել վարկերի թվաքանակը և կառուցվածքը, և որ խոսքը 250-270 մլն դոլար կամ 130 մլրդ դրամ վարկ ներելու մասին է։ 

Մելքումյանի խոսքով՝ իրենք ունեն պատկերացումներ, թե ինչի հաշվին պետք է մարվեն այդ վարկերը։ Թե ո՞ր ոլորտից կամ պետական ո՞ր միջոցների հաշվին է մարվելու այդ 250 մլն դոլար վարկը, հաշվի առնելով նաև պանդեմիայով և պատերազմով պայմանավորված տնտեսական ծանր վիճակը, Մելքումյանը չնշեց, ասելով, որ կմանրամասնեն նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Հիշեցնենք, որ պետությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերով ծախսել է ավելի քան 239 մլրդ դրամ։

Սրան ավելացան նաև պատերազմի ընթացքում ծախսերը և պատերազմի հետևանքները չեզոքացնելու, վիրավորներին և զոհվածներին տրամադրվող ծախսերը։ 

Ստացվում է՝ Ծառուկյանը պատրաստվում է այդ վարկերը մարել մյուս քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ 

Եթե ԲՀԿ առաջնորդը պատրաստ է նման քայլի գնալ, ապա միգուցե ավելի լավ կլինի, որ վերջինս փոխհատուցի իրեն պատկանող ընկերություններին մեղսագրվող արարքներով պետությունից թաքցված և պետությանը պատճառած վնասնե՞րը, որոնց առնչությամբ կան քրեական գործեր։ 

Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ ԱԱԾ-ն հայտնում է, որ Հայաստանի տարբեր վայրերում շահումով խաղերի, խաղատան բիզնես իրականացնող այս ընկերությունն առանց լիցենզիայի է գործել՝ պետությանը պատճառելով մոտ 30 միլիարդ դրամի կամ 60 միլիոն դոլարի վնաս։ Ըստ ԱԱԾ-ի՝ մեկ այլ դրվագով էլ «Օնիրա քլաբը» մոլորության մեջ է գցել պատկան մարմիններին և պետությանը զրկել 40 միլիարդ դրամի չափով ներդրումից: 

Իսկ մյուսը Ծառուկյանի հայրենի Առինջի պաշտոնատար անձանց գործողություններին է վերաբերում։ Այս դեպքում նրանք, ըստ ԱԱԾ-ի, պետությանն էական վնաս են պատճառել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը Ծառուկյանին պատկանող ֆիրմա «Նյու» ՍՊԸ-ի կողմից օգտագործվել է որպես արդյունաբերական նշանակության, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 380 միլիոն դրամի կամ 804 հազար դոլարի վնաս։

Այս քրգործերով դեռ նախաքննություն է ընթանում, իսկ պետությանը վարկեր ներելու առաջարկ անող Ծառուկյանը որևէ դրամ չի փոխհատուցել պետությանը։ 

Վովա Հակոբյան