Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ խմբակցությունը լքել է նաև Նաիրա Զոհրաբյանի պատճառո՞վ

Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ խմբակցությունը լքել է նաև Նաիրա Զոհրաբյանի պատճառո՞վ
Քաղաքականություն
15:41, 17 февраль 2021
Երբ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս եկավ ԲՀԿ-ից՝ առանց մանդատը դնելու, որպես պատճառ հայտարարության մեջ նշեց հետևյալը․ «Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը»։ 

ԲՀԿ-ամերձ շրջանակում շրջանառվող տեղեկություններով՝ «առանձին գործընկերների անբացատրելի անհանգստություն» ասելով՝ Պետրոսյանը նկատի է ունեցել ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Վերջինիս նա կասկածում է իր դեմ աշխատելու, անգամ իր դեմ մամուլում հոդվածներ պատվիրելու մեջ։ 

Օրինակ՝  ամիսներ առաջ, երբ Ծառուկյանին ԱԱԾ-ն կալանավորում էր, եւ Գեւորգ Պետրոսյանը մեկ օր չէր մասնակցել ԲՀԿ-ի կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին, ԶԼՄ-ներից մեկը գրել էր, թե Պետրոսյանը «լևի է գնացել» այդ օրը։ 

Ինքը՝ Պետրոսյանը հերքել էր տեղեկությունը և դրանից հետո, մեր տեղեկություններով՝ Զոհրաբյանի եւ Պետրոսյանի հարաբերությունները լարվել են, ամիսների ընթացքում Գեւորգ Պետրոսյանը մտադրված է եղել դուրս գալ խմբակցությունից։

Civic.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գևորգ Պետրոսյանից կամ Նաիրա Զոհրաբյանից, սակայն նրանք համառորեն չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքի միջոցով հարցերին։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և Իվետա Տոնոյանը նույնպես չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։