Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախում պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն»․ Մանե Թանդիլյան

«Արցախում պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն»․ Մանե Թանդիլյան
Քաղաքականություն / Հասարակություն
15:46, 17 февраль 2021
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացված՝ ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու  օրինագծին։

«Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։ 

Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության,  այդ թվում` պաշտոնյաները։

Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։

Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլիախոսերի հետ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։

Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը։

Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները»,- ասված է նախարարի գրառման մեջ։