Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի նախընտրական շտաբի պետը մինչև մայիսի 25-ը չի կարող դատի գնալ՝ վատառողջ լինելու պատճառով, բայց ղեկավարում է նրա շտաբը

Քոչարյանի նախընտրական շտաբի պետը մինչև մայիսի 25-ը չի կարող դատի գնալ՝ վատառողջ լինելու պատճառով, բայց ղեկավարում է նրա շտաբը
Քաղաքականություն
18:18, 11 май 2021
Հունիսի 7-ից մեկնարկելու է արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Այս մասին այսօր տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ԿԸՀ նիստի ժամանակ։ 
Civic.am-ը տեղեկացավ, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն տևական ժամանակ է՝ մեկնարկել են նախընտրական շտաբերի աշխատանքները։ 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նախընտրական շտաբի նախապատրաստական աշխատանքներն սկսել են դեռևս երեք շաբաթ առաջ։ Իսկ ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբն իր կողմից ղեկավարվելուն՝ հավելեց, որ դեռևս չկա վերջնական որոշում, սակայն այդ մասին առաջիկայում կտեղեկացնեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ ի պատասխան մեր հարցման տեղեկացրեցին, որ իրենք ևս նախընտրական շտաբի աշխատանքներն սկսել են վաղ՝ մոտ երկու-երեք շաբաթ առաջ։

Նշենք որ «Փաստինֆո»-ն հրապարակել էր, թե ովքեր են լինելու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական չորս ուժերի շտաբերի պետերը։ Ըստ այդ տեղեկատվության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ 

Նշենք, որ Արմեն Գևորգյանը՝ իր և Ռոբերտ Քոչարյանի կաշառքի գործով ընթացող դատական վերջին նսիտերից երկուսին չի ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով։ Դեռևս մայիսի 4-ին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկանք էր ներկայացրել դատարան՝ ըստ որի իր պաշտպանյալը ստացիոնար բուժման մեջ է գտնվում։ Իսկ այսօր՝ մայիսի 11-ին, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին հայտնեց, որ Արմեն Գևորգյանին մոտ մեկ ամիս ամբուլատոր հսկողություն է ցուցված, և խնդրեց կրկին հետաձգել դատական նիստը, քանի որ իր պաշտպանյալը չի կարող ներկայանալ նիստերին։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարը ողջ մայիս ամիսը, ավելին՝ մինչև քարոզարշավի մեկնարկը, չի կարող ակտիվ գործունեություն ծավալել, այլ կերպ ասած՝ զբաղվել շտաբի աշխատանքներով։ Իսկ այդ դեպքում ո՞վ է համակարգում «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները։

Մենք փորձեցինք կապ հաստատել Արմեն Գևորգյանի հետ՝ ճշտելու, թե երբ են մեկնարկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի շտաբի աշխատանքները և ո՞վ է իրեն փոխարինում այդ աշխատանքներում՝ իր վատառողջ լինելու ընթացքում, սակայն մեզ չհաջողվեց խոսել նրա հետ։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Նշենք, որ ըստ «Փաստինֆոի»՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը և գլխավոր համակարգողը կլինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ ՀՀկ-ի և «Հայրենիք» կուսկացության կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը կլինի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ 


Նարա Մարտիրոսյան