Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի առաջնորդած դաշինքի նպատակը լինելու է առավելագույն ձայներ հավաքել` ցանկացած գնով․ Բորիս Նավասարդյան

Քոչարյանի առաջնորդած դաշինքի նպատակը լինելու է առավելագույն ձայներ հավաքել` ցանկացած գնով․ Բորիս Նավասարդյան
Քաղաքականություն
18:30, 11 май 2021
«Քոչարյանի առաջնորդած դաշինքը ընտրություններին տարբեր տեխնոլոգիաների է դիմելու: Բավական ինտենսիվ նախընտրական պայքար է լինելու: Բայց ամեն դեպքում իրենց նպատակը լինելու է առավելագույն ձայներ հավաքել՝ ցանկացած գնով: Ընտրությունները հարամելու գործն էլ իրականացնելու է ՀՀԿ-Վանեցյան դաշինքը և որոշ այլ ուժեր, որոնք փորձելու են վարկաբեկել ամբողջ ընտրական գործընթացը»,-Civic.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: 

Նշենք, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում 1 ձայնի դիմաց  50 հազար դրամ ընտրակաշառքի մասին։ Նավասարդյանի խոսքով՝ ամեն դեպքում բոլոր այն բացասական երևույթները, որոնք եղել են նախորդ ընտրությունների ժամանակ՝ ընտրակաշառք, ընտրախախտումներ և այլն, նկատվելու են նաև այս անգամ, բայց տարբերությունը լինելու է այն, որ ավելի շատ քաղաքական ուժեր են դիմելու դրան, քան նախկինում էր արվում, բայց նաև հաշվի առնելով այն, որ լինելու է բավականին սուր մրցակցություն, ապա ընտրախախտումների ծավալն ավելի պակաս կլինի, քան մինչև 2018 թվականն էր, քանի որ մրցակցող կողմերը փորձելու են  իրար վերահսկել և թույլ չտալ ակնհայտ խախտումներ։ 

«Դա է միակ հույսը, որ ընտրությունները, ընտրական ինստիտուտների թույլ և ոչ կոմպետենտ լինելու պայմաններում, հնարավոր է լինեն ավելի որակյալ ընտրություններ, քան ունեցել ենք մեր պատմության ընթացքում մինչև 2018 թվականը»,-ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ Քոչարյանը նույնպես կաշկանդվածություն չունի ընտրությունների ժամանակ ոչ օրինական մեթոդների դիմելու, բախումներ հրահրելու առումով: 

Նրան արտաքին որևէ գործոն, առավել ևս Ռուսաստանի հանգամանքը չի կաշկանդում, քանի որ  Ռուսաստանը այն երկիրը չէ, որին հետաքրքիր է, թե Հայաստանում ինչ ճանապարհով և ինչ գործիքակազմով են իշխանությունը վերցնում. «Մենք հիշում ենք ԱՊՀ երկրների դիտորդական առաքելություններին, որոնք մշտապես գոհ էին մեր բոլոր նախորդ ընտրություննեից: Հիմա էլ դա  էական չի լինելու որևէ քաղաքական ուժի, այդ թվում Քոչարյանի ու նրա դաշինքի համար: Ռուսաստանի համար էական է, որպեսզի  Հայաստանում կանխատեսելի մարդիկ ղեկավարեն երկիրը: Այդ առումով իրենց համար ընդունելի է և Փաշինյանը, և Քոչարյանը․ նրանցից ոչ մեկը Ռուսաստանին ապացուցելու ոչ մի բան չունի»,-ընդգծեց Նավասարդյանը:

Այդ իմաստով՝ զուր են նաև Տեր-Պետրոսյանի ջանքերը՝ ընդգծելու, որ եթե Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չմիանան իրեն և դաշինքով հանդես չգան, ապա բախումներն անխուսափելի են լինելու: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հենց հետագա բախումներից խուսափելու հրամայականը պետք է միավորեր երեք նախագահներին: 

Բորիս Նավասարդյանը նկատում է, որ ներքաղաքական ներկա գործընթացներում Տեր-Պետրոսյանի առաջարկն ու երկու նախագահների կողմից մերժումը պետք է դիտարկել զուտ Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի ընտրություններին մասնակցելու համատեքստում: 
«Դրանից դուրս այդ ամենը՝առաջարկը, մերժումը, դրա վերաբերյալ քննարկումները նախընտրական գործընթացների վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա: Կարծում եմ՝ այդ մերժումները թույլ են տալիս ՀԱԿ-ին հարգելի պատճառներով չմասնակցել ընտրություններին»,-եզրափակեց Նավասարդյանը:

Արփի Հարությունյան