Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունն ապացուցում է՝ արցախահայերը չեն կարող անվտանգ ապրել նրա կազմում․ Միրզոյան

Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունն ապացուցում է՝ արցախահայերը չեն կարող անվտանգ ապրել նրա կազմում․ Միրզոյան
Քաղաքականություն
22:35, 11 май 2021
Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ:

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը։ Տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրներն ունեն երկխոսության մեծ շրջանակ, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում եւ երախտագիտություն հայտնել լիտվական կողմին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

Սեյմասի նախագահը նշել է, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ի թիվս որոնց՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է գործընկերներին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ հրավիրել այդ օրերին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն: