Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է. Նիկոլ Փաշինյան

Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
18:01, 12 май 2021
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում նշեց, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

«Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջև համագործակցության օրակարգը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է երկու պետությունների գործընկերությունը: 

«Վրաստանում բնակվող հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որը էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրներին: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կառուցողական որակելով Վրաստանի կառավարության հետ հաստատված երկխոսությունը: 

Վարչապետները հանդիպման ընթացքում քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարներին առընչվող հարցրեր:

 «Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից մասնավորապես նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քննարկումներում ընդգծվել է երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը․ «Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերը: Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»։

Վարչապետները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Փաշինյանն իր ելությում նշեց, որ Հայաստանի համար աներկբա է այն, որ հայ-վրացական գործընկերությունը այս տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է: 

«Ես համոզմունք հայտնեցի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ  և կառուցողական դիրքորոշման պահպանումը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: