Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են․ Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը

Ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են․ Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը
Քաղաքականություն
21:17, 12 май 2021

Լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, թե իբր «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է»: Սյունիքի մարզպետարանը հերքում է նշված տեղեկությունը։
«Հայտնում ենք, որ Սյունիքի մարզպետը նման միտք որեւէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հնչեցրել, նա առավոտվանից գտնվել է Սև լճի տարածքում ու օրվա վերջում նաեւ հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են», հետևաբար Մ․Պողոսյանը չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել ևս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է․․․ Հորդորում ենք Սյունիքի մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել»,-նշված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․


«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:
Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»։