Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեական գործն ո՞ւր է, արդեն մեկ օր անցել է․ Լևոն Բարսեղյան

Քրեական գործն ո՞ւր է, արդեն մեկ օր անցել է․ Լևոն Բարսեղյան
Քաղաքականություն
12:35, 13 май 2021
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քրեական գործն ո՞ւր է, արդեն մեկ օր անցել է

Եթե ես ունեմ այս քարտեզը (համացանցից), ՀՀ ՊՆ-ն եւ ԳՇ-ն պիտի ունենան սրանից ավելի մանրակրկիտ քարտեզներ:

Թվագրություններին ուշադրություն դարձրեք. կազմվել է 1950-52 թթ., թարմացվել է 1973-ին, ստուգվել է 1975-ին, տպվել է 1975-ին եւ հետո՝ տեղանքին համապատասխանությունը նորից ստուգվել է 1985-ին: Սովետի քարտեզները ավերատարան չեն, բայց եղածը սա է:

Շատ եմ կասկածում, թե դրանից հետո մինչեւ ՀՀ անկախ պետություն հռչակվելը որեւէ բան է փոխվել այստեղ: Մեկ վանդակը 2կմ/2կմ ցանց մասշտաբով է: Մեծ Իշխանասարը ձախ ստորին անկյունում է, լճերից հվ/արեւմուտք՝ 3550,4 մ բարձրությամբ, Փոքր Իշխանասարը Սեւ լճից ուղիղ գծով արեւմուտք՝ 3450,6 մ բարձրությամբ: Հայաստան/Ադրբեջան սահմանագիծը անցնում է այս գագաթներով: Քարտեզում, ճշմարիտ է, լիճը չի բաժանված, բայց աչքաչափով լճի հայելու 10-15 տոկոսն է Ադրբեջանինը, իսկ փոքր լիճը ընդհարապես մերն է: 

Հայաստանյան կողմից՝ հարավից լճի արեւմտյան (ձախ) ափ գնացող գրունտային ճանապարհը երեւում է՝ ընդհատ գծով, գնում հասնում է լիճ, անցնում լճի հարավով, ապա անցնում է արեւելք, եւ, մտնելով, Ադրբեջան, գնում է դեպի հս-արեւելք, արդեն Ադրբեջանի տարածքով, սահմանի հյուսիսով: ՈՒրիշ ճամփեք էլ կան: Հարավից լիճ գնացող հայաստանյան ճանապարհը 1000-1200 մ լճին չհասած լեռնանցք (2803 մ) է հաղթահարում, որը, ըստ քարտեզի, ավտոմեքենաների՝ բեռնատարների համար անցանելի է մայիս-հոկտեմբեր ամիսներին: Հասկանալի է, որ զինված ուժերի, հետեւակայինների, հեծյալների համար հաղթահարելի է կլոր տարին: 

Հիմա պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը պատմելիք ունեն, թե երբ անցած տարեվերջին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դուրս բերեցին զորքերը Քաշաթաղի շրջանից, ի՞նչն ստիպեց կամ՝ ո՞վ ստիպեց այս քարտեզի սահմաններից էլ իջնել հարավ, ցո՞ւրտը, քարտեզագիտական կրիտինի՞զմը, պատմեք, թե ինչը ստիպեց լիճը թողնել այն կողմում, որ ադրբեջանի զինված ուժերն էլ գան առաջ, երբ հարմար համարեն: Կարող է՞ լճերի տեղը չեք էլ իմացել: Ինչերդ է պակաս եղել, որ սահմանը պահեք, ամրանաք, ամրացնեք: Թե քաղաքական մակարդակից հրաման է եղել, հիմա ելեք եւ պատմեք, թե ահա այսինչ մարդը, մարդիկ, ասել են՝ իջեք, կամ՝ իջեք, հետո գարունը կբացվի՝ կբարձրանաք, եթե հավես ունեցաք...: Եթե այդպիսի հրաման է եղել, ինչո՞ւ եք ենթարկվել: Եթե այդպիսի հրաման չի եղել, ու զեկուցել եք թե սաղ լավ է՝ սահմանով կանգնած ենք, հիմա ինչ եք բացատրում, թե ... առաջ են եկել: Դուք սահման եք պահո՞ւմ, թե՞ դիտորդ եք ...

Հետո՞, պարոնայք վարչապետ, նախարար, ԳՇ պետ եւ այլք, էդ նորահայտ սահմանին հազար ու մի այսպիսի կտորներ ու տարածքներ կան, լեռներ, գագաթներ, կիրճեր ու լճակներ կան, էդ մյուս կողմերո՞ւմ դրությունը ոնց է, պատմեք իմանանք էդ 500 կմ-ի որ մասերում է ցուրտ եղել, հացը ուշ հասել, անկողինը կոշտ եղել, կոֆե չի եղել ու՝ զորքը ցածն եղել: Կամ պատմեք իմանանք, թե երբ եք մարդկանց կոչ արել՝ այսինչի կարիքը լրացնել, որ մարդավարի սահման պահվի, ու մարդիկ ասել են՝ հարկերը տալիս ենք՝ հերիք է, գնացեք պահեք: 

Սա խոզություն չէ, սա անարգանք ու դավաճանություն է, սա լակոտական վերաբերմունք է պատերազմում կյանք ու առողջություն դրած մարդկանց, ընտանիքների եւ ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ: Ես ուզում եմ էս գործը քրեական տեսնել, մեկ օր անցել է դեռ քրեական գործ չկա, ուզում եմ արագացված դատավորություն ու ցմահ ազատազրկումներ տեսնել, շատերն են ուզում, անկախ այն հանգամանքից այս քարտեզով սահմանը կվերականգնվի, թե ոչ: Ոչինչ, թող էդ մեղադրանքներն ու դատերը թուրքը տեսնի՝ ուրախանա, էս ուրախությունը փշրանք է ունեցածի համեմատ, բայց մյուս անգամ, նման բան անողները կիմանան, որ եթե մինչեւ ցմահ ազատազրկման վճիռը ողջ մնացին, փառք են տալու Աստծուն: 

Լավ, սաղ մի կողմ՝ տգետ եք, անուղեղ եք, հիմար եք, բայց էդ տարրական բնազդն էլ է՞ վերացել, դրանից բոլորովին բան չի մնացե՞լ»: