Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմին նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում. ՀՀԿ

Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմին նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում. ՀՀԿ
Քաղաքականություն
13:54, 13 май 2021
ՀՀԿ Գործադիր Մարմինը հայտարարություն է  տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։

Գործադիր մարմինն արձանագրում է, որ իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում ստեղծված խոր ճգնաժամի և Արցախյան վերջին պատերազմի կործանարար արդյունքների  հետևանքով։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։

Արդյունքում Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում։

Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերակագնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին:

Գործադիր մարմինը նաև արձանագրում է, որ գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները»։