Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միայն արտախորհրդարանական ուժերի համաձայնությունը բավարար չէ արտահերթի գնալու համար»․ «Իմ քայլի» պատգամավոր

«Միայն արտախորհրդարանական ուժերի համաձայնությունը բավարար չէ արտահերթի գնալու համար»․ «Իմ քայլի» պատգամավոր
Քաղաքականություն
17:52, 08 февраль 2021
Արտահերթ ընտրությունների չեղարկման վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության երեկ տարածած հայտարարության մասին Civic.am-ը զրուցել է ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ։

-Պարոն Հովհաննիսյան, «Իմ Քայլը»-ը վարչապետի հետ երեկ կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, որ հասարակության շրջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա։ Ինչպե՞ս է կառավարող ուժը չափել հանրության տրամադրվածությունը և արդյո՞ք հաշվի եք առել հասարակական և քաղաքական այլ ուժերի կարիծքները այս որոշումը կայացնելիս։

-Մենք հայտարարել էինք արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կոնսուլտացիաների մասին, որի ընթացքում պետք էր հասկանալ քաղաքական ուժերի պատրաստվածութունը և ցանկությունը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու և, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող ուժերի ցանկությունը և, այո, ինչպես նաև հասկանալ հասարակության պահանջները արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Բայց քաղաքական կոնսուլտացիաները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը լեգիտիմ մանդատ ունի ժողովրդի կողմից որևէ կերպ չի գնում արտահերթ խորհրդարանական  ընտրությունների և Ձեր հարցին, թե ինչպե՞ս եք չափել՝ հանրության լայն շերտերը ուզու՞մ են գնալ արտահերթ ընտրությունների, թե՞՝ ոչ, մենք դա չափել ենք արտահերթ ընտրությունների պահանջի բացակայությամբ, և նաև որոշ քաղաքական ուժերի փողոցային պայքարի տապալմամբ, որը հանրության կողմից որևէ աջակցություն չստացավ։ Այսքանով հանդերձ՝ որոշում է կայացվել, որ այլևս չենք շարունակում նույն տեմպերով անցկացնել քաղաքական կոնսուլտացիաներ արտահերթ ընտրությունների շուրջ, և առաջնորդվում ենք նոյեմբերի 18-ի վեցամսյա ճանապարհային քարտեզով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ համար այսօր առաջնային է երկրի դիմադրողականությունը բարձրացնելը՝ արդյունավետ աշխատանքի շնորհիվ։

-Բացի խորհրդարանական ընդդիմությունից, կա նաև արտախորհրդարանական ընդդիմություն՝ ի դեմս ՔՈ-ի, ՀԱԿ-ի, «Հանուն Հանրապետության», որոնք կողմ են արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նաև Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Արդյո՞ք այս ուժերի կարծիքը հաշվի չի առնվում։

-Իհարկե, հաշվի է առնվում արտախորհրդարանական ընդդիմության կարծիքը, բայց մենք պետք է հաշվի առնենք նաև քաղաքական դերակատարների կշիռը։ Երբ որ խորհրդարանում կան ընդդիմադիր ուժեր, որոնք դե ֆակտո և դե յուրե ինչ-ինչ հանգամանքների բերումով ներկայացնում են ժողովրդի մի հատվածին, այստեղ քաղաքական դերակատարման առումով առաջնային տեղ ունեն հենց խորհրդարանական ուժերը։ Եվ երբ որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, սա հղի է մի շարք հետևանքներով։ Ինչ-որ տուրբուլենտ շրջանի մեջ կարող է հայտնվել երկիրը, և անընդհատ արտահերթ ընտրությունների պռոցես սկսվի։ Եվ հետևաբար, պետք է կարևորել քաղաքական դերակատարներին։ Այս իմաստով, կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությանը լայն կոնսենսուսի պարագա էր պետք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Միայն արտախորհրդարանական ուժերի համաձայնությունը բավարար չէ։

-Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում նշվում էր, որ 6 ամիս անց՝ հունիսին, կառավարությունը հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով՝ որոշում կկայացվի հետագա անելիքների վերաբերյալ: Հնարավո՞ր է՝ 6 ամիս անց իշխանությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նոր որոշում կայացնի։

-Տեսեք, վեց ամիս անց կլրանա մեր ասած ճգնաժամային կառավարման ժամկետը, վարչապետը հանդես կգա հաշվետվությամբ, և եթե այդ հաշվետվությունից հետո ժողովրդի կողմից առաջանա պահանջ, մենք բազմիցս ասել ենք, որ մենք բացառապես առաջնորդվելու ենք հենց այդ պահանջով։ Բայց հիմա պետք է համբերենք և քրտնաջան աշխատենք և հետո ներկայացնենք այդ հաշվետվությունը։

-Պահանջ ասելով՝  նկատի՞ ունեք, որ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց։

-Նաև դա կարող է լինել ցուցիչ։ Բայց, իհարկե, այլ ցուցիչներ ևս կան։

-Կարծիքներ կան, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեղարկումը կարող է խորացնել կառավարման ճգնաժամը։ Այս մասով ռիսկեր չե՞ք տեսնում։

-Ես այս պահին կառավարման ճգնաժամ չեմ տեսնում։ Կա ճգնաժամային կառավարում, որը բխում է ճգնաժամային իրավիճակից, և ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը ճգնաժամային կառավարման մոդելին անցել է դեռևս 2020 թվականի մարտից, երբ որ կորոնավիրուսի համավարակը հայտնվեց աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում։ Եվ այդ պահից մեր կառավարությունը անցել է ճգնաժամային կառավարման։ Բայց եթե մենք խոսում ենք ինստիտուտների չաշխատելու մասին, պետք է արձանագրեմ, որ կան խնդիրներ, բայց այդ խնդիրները հենց այս ճգնաժամային կառավարման մեր ստանձնած այս վեցամսյա ժամկետի կառավարման ընթացքում պետք է լուծվեն։ Եթե չլուծվեն կամ առաջանան նոր խնդիրներ, հաշվետվությունում կարտացոլվի այդ ամենը և  ըստ այդմ՝ մենք  կկայացնենք որոշում։

-Ընդդիմությունը խոսում է բռնության և այլ ճանապարհներով իշխանությունը վերցնելու մասին։ Արդյո՞ք չեք տեսնում ռիսկեր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու դեպքում ընդդիմությունը կարող է դիմել ավելի ռադիկալ մեթոդների։

-Ընդդիմության մի հատվածը նոյմբերի 9-ին ռազմական հեղաշրջման, երկիրը գլխատելու փորձ է արել, փորձել է հոկտեմբերի 27 կազմակերպել, և ընդդիմության նկատմամբ մեր վերաբերմունքը ձևավորվում է հենց այդ գործողություններից ելնելով և, այո, տեսնում ենք իհարկե ռիսկեր, բայց ԱԱԾ-ն և իրավապահ այլ կառույցները իրենց գործառույթները այդ իմաստով իրականացնում են։

-Պարոն Հովհաննիսյան, 16-ի շարժման ներկայացուցիչները պնդում են, որ այս որոշումը ցուցիչ էր նրա, որ իշխանությունը կառչած է աթոռից և հասկացել է, որ իշխանությունը չի կարող վերարտադրվել, այդ պատճառով չի ուզում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով։ Ի՞նչ կասեք այս մասով։

-Մենք բազմիցս նշել ենք, որ աթոռից կառչելու որևէ խնդիր չունենք, և դա լավագույնս արտահայտվում է նրանում, որ մենք բաց ձեռք ենք մեկնել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով։ Փաստը, որ գործող կառավարող ուժը առաջարկում է ընդդիմությանը գնալ արտահերթի, արդեն իսկ նշանակում է, որ աթոռից կառչելու խնդիր չունենք, իսկ երբ խորհրդարանական ընդդիմությունն է հրաժարվում գնալ արտահերթի, այ այդտեղ հարց է առաջանում խորհրդարանական ընդդիմությունը ինչի՞ց է կառչած։

-Այսպիսով, Դուք չե՞ք բացառում, որ հունիսին իշխանությունը կունենա  նոր որոշում կամ հնարավո՞ր է նաև, որ որոշումը մնա անփոփոխ։

-Փաստը, որ մենք բաց ենք ցանկացած տեսակի քննարկումների, խորհրդակցությունների, նաև որոշակի համագործակցությունների համար, որոնք դեմ չեն մեր սկզբունքներին, արդեն իսկ արձանագրում է, որ որևէ բան չի կարելի բացառել և վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, հաշվետվությունից կբխեն մեր հետագա անելիքներն ու որոշումները։

Վոլոդյա Հակոբյան