Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ արդյունք են ունեցել Ադրբեջանի հետ շուրջ 7 ժամ տևած բանակցությունները. Հ1-ի հարցազրուցը ԱԽ քարտուղարի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում ասաց, որ Խնձորեսկում բանակցություններն ավարտվել են, սակայն չի հաջողվել ամբողջությամբ ետ մղել թշնամուն:
Բանակցությունները շարունակվում են, և համոզված են, որ ՀԱՊԿ-ին դիմելը կօգնի, որպեսզի խնդիրն ամբողջությամբ լուծվի։
 
Թե ինչու՞ հայկական կողմը չի դիմում կտրուկ գործողությունների`Գրիգորյանը նշեց. «Այստեղ կարևորը ոչ թե կտրուկն է, այլ՝ խնդրի ամբողջական լուծումը և դրա համար մենք սկսել ենք գործընթաց և ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցների հետ միանշանակ այս խնդիրը լուծելու ենք։ Մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր։ Սրանք ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունեն, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը զորավարժություններ է սկսում և բացի դրանից Ալիևը հայտարարել է, որ Սյունիքում ռազմական ուժով ինչ-որ գործողություններ կկատարի՝ միջանցք ձեռք բերելու համար, բայց մենք այս հարցը մեր ռազմավարական գործընկերների հետ միանշանակ կլուծենք», - ասաց Արմեն Գրիգորյանը։
 
Անդրադառնալով համացանցում տարածվող քննարկումներին, թե ինչու՞ է որոշվել ՀԱՊԿ-ին դիմել ոչ թե 4-րդ, այլ՝ 2-րդ կետի համաձայն, Գրիգորյանը նշեց, որ մինչև դիմելը կատարվել է իրավիճակի համապարփակ գնահատում, ինչին մասնակցել են անվտանգության բոլոր կառույցները։ «Իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս, որ իրավիճակն ավելի շատ համապատասխանում է պայմանագրի 2-րդ հոդվածին։ Անվտանգության սպառնալիք է առաջացել և ինչպես նշեցի, մենք սա լոկալ խնդիր չենք դիտարկում, այն ունի ավելի մեծ սպառնալիք և այդ սպառնալիքը չեզոքացնելու համար մենք 2-րդ հոդվածի հիման վրա դիմում ենք ՀԱՊԿ-ին», - ասաց ԱԽ քարտուղարը։
 
Թե ինչու՞ է Հայաստանը դիմել ոչ թե դաշնակից Ռուսաստանին, այլ՝ ՀԱՊԿ-ին, Գրիգորյանն ասաց․ «Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է և մեծ հաշվով դրանց միջև տարբերություն չկա։ Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետև իրավիճակի համապարփակ գնահատումը ցույց է տվել, որ սա լավագույն մեխանիզմն է»։
 
Գրիգորյանը նշեց, որ ըստ ընթացակարգի, դիմելուց հետո ՀԱՊԿ-ը պետք է առաքելություն ձևավորի, նաև Անվտանգության խորհուրդների խորհրդակցություններ պետք է լինեն՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով, որը կարող է լինել նաև տեսակապով։ «Մենք արդեն այս գործընթացը սկսել ենք։ Այսօր պաշտոնապես դիմելու ենք ՀԱՊԿ-ին և կարծում եմ՝ մոտակա օրերին արձագանք կունենաք։ Եթե մինչև այդ խնդիրը չկարգավորվի, ՀԱՊԿ-ը մասնակցություն է ունենալու խնդրի կարգավորմանը, որովհետև Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ սպառնալիք է ստեղծվել և այդ կանոնակարգը նշում է այդ սպառնալիքը և նաև նշում է մեխանիզմները, թե ինչպե՞ս են այդ գործընթացները կատարվում։ ՀԱՊԿ-ը պետք է առաքելություն ձևավորի, որը պետք է տեղում գնահատի իրավիճակը և բնականաբար, որի արդյունքում կգանք եզրակացության, որ Հայաստանի  միջազգային ճանաչված սահմանները խախտվել են և ՀԱՊԿ-ը պետք է գործողություններ ձեռնարկի, և համոզված ենք, որ այդ գործողությունների արդյունքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է», - ասաց Արմեն Գրիգորյանը։
 
Գրիգորյանն ասաց, որ մինչև ՀԱՊԿ արձագանքը բանակցությունները շարունակվում են, և այն ավելի շատ գնում է դեպի խնդրի կարգավորմանը, բայց եթե չկարգավորվեց, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից հետո խնդիրը լուծվելու է։
Թե ինչպե՞ս է ադրբեջանական ուժերին հաջովել առաջանալ, Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի սահմանային փոփոխություններից հետո, և նաև պայմանավորված ձմեռվա եղանակային պայմաններով չեն հասցրել ամբողջ սահմանը կահավորել, դրան գումարած երկարացել է սահմանագիծը և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել։ «Բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում այս բոլոր հարցերը կարողանալու ենք կարգավորել։ Այնպես չէ, որ 94 թվականին ակբողջ սահմանը կահավորել ենք միանգամից, դրա համար երկար ժամանակ է պետք և հիմա էլ որոշակի ժամանակ կպահանջվի։  Եվ սա լոկալ հարց չէ։ Երբ մենք դիմում ենք միջազգային կազմակերպության ինչ-որ տեղային հարցով, սա նշանակում է, որ սա գլոբալ պրովոկացիա է և մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում ենք հարցը արագ կարգավորելու համար։ Հնարավոր ամեն ինչ արվում է սահմանները կահավորելու համար, նաև՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ապահովելու համար», - նշեց Գրիգորյանը։
 
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ որ շարունակվում է բանակի վերազինման գործընթացը և շատ կարճ ժամանակում մեր կարողությունները վերականգնվելու են և ամբողջ սահմանի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է լինելու։
 
Անդրադառնալով թշնամու կողմից Վարդենիսի և Սիսիանի կողմում ևս առաջանալու մասին ՊՆ հաղորդագրությանը, Գրիգորյանը նշեց, որ սկսված գործընթացը կասեցնելու է Ադրբեջանի գործողությունները և այս պահին բանակցություններ են ընթանում նաև ամբողջ սահմանի երկայնքով, եթե ինչ-որ տեղեր կան, որ ադրբեջանցիներն անցել են՝ հետ ուղարկել ելման դիրքեր։