Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդազարյանի հետ «ընտանեկան ջերմ» հարաբերություններ ունեցող նախկին դատավորը միացել է ՀՀԿ-ի ու Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքին

Ռուբեն Վարդազարյանի հետ «ընտանեկան ջերմ» հարաբերություններ ունեցող նախկին դատավորը միացել է ՀՀԿ-ի ու Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքին
Քաղաքականություն
19:03, 14 май 2021
Օրերս ԲԴԽ հրաժարականի դիմում ներկայացրած դատավոր Կարինե Պետրոսյանը միացել է ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցության հիմնած «Պատիվ ունեմ» դաշինքին՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Նախկին դատավորը նաև կուսակցական է դարձել՝ ընդգրկվելով Վանեցյանի «Հայրենիք» կուսկացության շարքերում։ 

Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորը փետրվարի 24-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով՝ հիմքում դնելով 2020թ․-ին Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրանալու փաստը։ Կարինե Պետրոսյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել ԲԴԽ նախագահ (ներկայումս լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ հայտարարություն։ 

Երբ 2021թ․ հունվարի 22-ին Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ, օրեր անց՝ հունվարի 27-ին Արդարադատության նախարարի որոշմամբ կարգապահական վարույթ հարուցվեց Կարինե Պետրոսյանի նկատմամբ։ Դատավորը գտնում էր, որ ԲԴԽ գործող կազմի՝ Գագիկ Ջհանգիրյանի անդամ լինելու պարագայում կխախտվի  իր դեմ հարուցված կարգապահական գործի արդար քննությունը։ Սակայն պետք է նշենք, որ ԲԴԽ-ն ապրիլի 5-ի որոշմամբ մերժեց Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հաստատել էր, որ Կարինե Պողոսյանի դեմ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթի քննության ժամանակ ինքնաբացարկ է հայտնել՝ ելնելով ընտանեկան, մտերիմ հարաբերություններից, նշելով, որ չի քննել և ապագայում չի էլ քննելու նրա հետ կապված որևիցե վարույթ:

«Այո, վերջին մեկ տարվա ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի են ջերմացել, և այդ իսկ պատճառով ես տեղյակ եմ պահել ԲԴԽ մյուս անդամներին, ներկայացրել եմ իմ ինքնաբացարկը, այն բոլոր հանգամանքները, որոնք մատնանշել եմ, չեմ ուզում այժմ խորհրդակցական սենյակի գաղտնիքը բացել», - ասել էր Վարդազարյանը:

Դատավոր Կարինե Պետրոսյանը մայիսի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որը դատավորի լիազորությունների դադարման հիմք է։