Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես գումարի մասով բան չեմ պայմանավորվել»․ Ինչ է պատասխանում գյումրեցի կինը ՔՊ-ական ներկայացած Քոչարյանի աջակից ՀՀԿ-ականին

«Ես գումարի մասով բան չեմ պայմանավորվել»․ Ինչ է պատասխանում գյումրեցի կինը ՔՊ-ական ներկայացած Քոչարյանի աջակից ՀՀԿ-ականին
Քաղաքականություն / Հասարակություն
18:59, 17 февраль 2021
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ այցելության ժամանակ մի գյումրեցի կին, վարչապետին մոտենալով, փորձել է իր խնդրի մասին նամակ փոխանցել՝ նշելով, որ ցանկանում է հանդիպել նրա հետ։ Փաշինյանն՝ իր հերթին տեղում հանձնարարել է կնոջ հեռախոսահամարը գրանցել, որ հետագայում նրա հետ կապ հաստատի և զրուցի։ Գյումրեցի կնոջ կողմից հնչում են վարչապետին ուղղված աջակցության խոսքեր. «Ես քու թիկունքին կանգնած եմ․․․ազգովի»։

Միջադեպի մասին հրապարակված տեսանյութում պարզ լսվում է գյումրեցի կնոջ հեռախոսահամարը, որն ինքը բարձրաձայն թելադրում է վարչապետի աշխատակցին։

Ռոբերտ Քոչարյանի աջակից, միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը, դրանից հետո զանգահարելով կնոջ հեռախոսահամարին, փորձել է կնոջը մոլորության մեջ գցել՝ ներկայանալով Փաշինյանի աջակից, որը, իբր, նախապես գումար է խոստացել վարչապետին մոտենալու և աջակցության խոսք ասելու համար։ Նարեկ Մանթաշյանը, թերևս, չի հասկացել, որ տեսանյութում պարզ երևում է, որ կինը իր կոնկրետ խնդրով է մոտեցել վարչապետին, ոչ թե աջակցելու մղումով։ 

Ինչևէ, Քոչարյանի աջակիցը ֆեյսբուքում տարածել է իր հեռախոսազրույցի ձայնագրությունն այդ կնոջ հետ, որտեղ ներկայանում է որպես Շիրակի մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և հարցնում, թե ինչքան գումար են պայմանավորվել այսօրվա միջադեպը կազմակերպելու համար։ Հարցը, սակայն, գյումրեցի կինը միանգամից չի ըմբռնում, և, չհասկանալով ինչի մասին է խոսքը, ճշտում է, թե արդյոք խոսքը նամակի մասին է, որն այսօր փոխանցել է վարչապետին։

«Չէ, դե Ձեզ գումար էինք խոստացել չէ՞, որ մոտենաք, ասեք, որ պաշտպանում եք վարչապետին, մենք շնորհակալ կլինենք։ Այդ շնորհակալությունը էլի»,- ասում է Մանթաշյանը, հարցնելով՝ արդյոք 10․000, թե՞ 15․000 դրամ են պայմանավորվել։

Կինը ակնհայտորեն չհասկանալով հարցի բուն էությունը, պատասխանում է, որ գումարի մասով ոչինչ չի պայմանավորվել ոչ մեկի հետ։ «Ես գումարի մասով բան չեմ պայմանավորվել, ուղղակի ինձ ասեցին, որ կօգնեն էդտեղ (վարչապետի հետ հանդիպման վայրում-խմբ․), ու չգիտեմ՝ ով պիտի տա էդ գումարը», - պատասխանում է կինը։

Չստացված մանիպուլյացիան Մանթաշյանը ֆեյսբուքում ներկայացրել է որպես իր ձեռքբերում՝ անհաջող փորձ անելով տպավորություն ստեղծել, թե գյումրեցի կնոջ՝ վարչապետին մոտենալն ու դրական խոսքեր հղելը պայմանավորվածության արդյունք էր։