Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
Քաղաքականություն / Միջազգային
20:41, 17 февраль 2021
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ի տարբերություն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, միջազգային հանրությունը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հարձակվողական գործողությունների վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն չի հնչեցրել. գրում է fip.am-ը:

«Այստեղ բան չկա էլի զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողություններ վերսկսելը։ Հիշո՞ւմ եք, չէ՞, 16 թ․-ի ապրիլը, երբ որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի հարձակվողական գործողությունը»,- նշել է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչպես է միջազգային հանրությունը, այդ թվում՝ միջազգային կառույցները և երկրները, դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված երկու պատերազմները։

Ադրբեջանին հասցեական դատապարտելու կոչ ուղղել է միայն Կիպրոսը


Ինչպես 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, այնպես էլ 2020-ի պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները դատապարտելու կոչեր եղել են տարբեր երկրների ու կառույցների կողմից, սակայն պաշտոնական մակարդակով Ադրբեջանին դատապարտող հասցեական կոչով հանդես է եկել միայն Կիպրոսի Հանրապետությունը։

2016-ի ապրիլի 4-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հայտարարություն՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստները։ Մասնավորապես, Կիպրոսի արտաքին գործերի նախարարը մեղադրել էր Ադրբեջանի կառավարությանը հրադադարի ռեժիմի խախտման մեջ և նշել. «Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ»։ Միաժամանակ, Կիպրոսի ԱԳՆ-ն հորդորել էր Թուրքիային զերծ մնալ որևէ գործողություններից և հայտարարություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը:

Նմանատիպ դատապարտող հայտարարություն 2020 թ․-ի արցախյան պատերազմին ևս եղել է Կիպրոսի կողմից։ Այդ երկրի ԱԳՆ-ն սեպտեմբերի 27-ին հաղորդագրություն տարածեց, որում խորը մտահոգություն էր հայտնում Արցախում լարվածության բարձրացմամբ և դատապարտում Ադրբեջանին՝ հրադադարը խախտելու համար։ Կիպրոսից բացի, միայն Ֆրանսիան է դատապարտող հայտարարություն արել։ 2020-ի սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր. «Քանի որ արդեն պարզվել է, որ հրետակոծությունն իրականացվել է Ադրբեջանի կողմից, ես պահանջեցի, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի, և հստակորեն դատապարտեցի այդ քայլը»: 

Հատկանշական է, որ ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 9-ին, նախատեսվում էր բողոքի ցույց՝ ընդդեմ միջազգային հանրության լռության։ Ցույցի նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում էր. «Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»։

Նշենք, որ միջազգային հանրության կոչերը, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ 2020-ին, հիմնականում ուղղված են եղել երկու երկրներին՝ հաստատել հրադադար և երկխոսություն սկսել։ Մի քանի երկիր էլ աջակցություն էր հայտնել Ադրբեջանին և դատապարտել Հայաստանին։ Այսպիսով, նախկին նախագահի պնդումը, թե 2016-ին միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի գործողությունը, սխալ է։