Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի տարիներին ընդհանրացված կոռուպցիա էր, պետության ղեկավարի անձնական խայտառակ հարստացում

Քոչարյանի տարիներին ընդհանրացված կոռուպցիա էր, պետության ղեկավարի անձնական խայտառակ հարստացում
Քաղաքականություն
18:13, 16 май 2021
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, Nuvelles D՛Armenie ամսագրի խմբագիր Արա Թորանյանը ամնեզիայով տառապողներին հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիները՝ բռնություններով, լրագրողների կամ ընդդիմադիր գործիչների ծեծերով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թորանյանը։ Նրա խոսքով, առնվազն տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին Երևանի Ազատության հրապարակում էր մի քանի հազար մարդկանց ծափողջույնների ներքո, և այն, թե  ինչ հաշվարկով  է 1998-2008 թվականների կոալիցիոն իր գործընկերը հանդիսացող Հայաստանի ՀՅԴ-ն որոշել միավորվել այս քաղաքական գործչի հետ,գրում է 1-in.am-ը։

Թորանյանը հիշեցնում է, որ հենց Ռոբերտ Քոչարյանի կռավարման տարիներին է տեղի ունեցել մեր էներգետիկ ենթակառուցվածքների մեծ վաճառքը ռուսական կոնգլոմերատին շատ ցածր գնով։
Նրա խոսքով՝ հենց Քոչարյանի օրոք ականատես եղանք տնտեսական անհավասարությունների խորացման և օլիգարխիայի սերտաճմանը։

«Առհասարակ, հնարավո՞ր է չհիշել, թե ինչպես նա Ստեփանակերտը վտարեց բանակցային սեղանից իշխանության գալուն պես, զիջում, որի դիվանագիտական արժեքը բարձր գին ունի մինչև այսօր: Ի՞նչ հաղթանակ, ի՞նչ առաջընթացով կարող է պարծենալ: Պետք է հիշել բանակի բարոյահոգեբանական վիճակի անկումը նրա պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների բազմաթիվ դեպքեր, զորակոչիկների նկատմամբ կրկնակի վատ վերաբերմունք»,-ասաց Արա Թորանյանը։

Նա հիշեցնում է, որ Քոչարյանի կառավարման տարիները աչքի են ընկել արյունալի իրադարձություններով՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, Պողոս Պողոսյանի սպանություն Պապլավոկի զուգարանում իր թիկնապահների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում, որը համարձակվել էր իրեն այսպես կոչել. «Ողջույն Ռոբ»։

«Այսքանից հետո նա ինչպե՞ս կարող է ակնկալել հայրենակիցների ձայները ստանալ: Այդպիսի «սխրագործությունների» համար պատասխանատու հիմնական անձը արդարացվեց նրան մարտի 1-ի գործով`անձեռնմխելիության հիմքով: Եվ սա ցույց է տալիս, որ Փաշինյանի օրոք դատավորները չեն ենթարկվում իշխանությանը: Կամ որ ավելի հավանական է, որ նրանք մնում են նախորդ իշխանության կամակատար»։,-ասաց նա

Թորանյանը հարց է տալիս՝ պատերազմի աղետից հետո հայ ժողովուրդը կարո՞ղ է իրեն թույլ տալ թավշյա հեղափոխության ձեռքբերումներից հրաժարվելու շքեղություն և իր ճակատագիրը յուրացնելու երկար ձգտում: