Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը ամբողջովին դուրս չէ օրակարգից»․ քաղաքագետ

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը ամբողջովին դուրս չէ օրակարգից»․ քաղաքագետ
Քաղաքականություն
18:28, 08 февраль 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահերթ խորհրդարանական անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության լայն շերտերի շրջանում։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ 


-Պարոն Վարդանյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոխվեց, որ «Իմ քայլը» եկավ եզրակացության, որ վարչապետի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առաջարկը դրական արձագանք չի ստացել։ 


-Իրավիճակ փոխվեց այն բանից հետո, երբ 17 քաղաքական ուժերը չկարողացան փողոցով հրաժարական պարտադրել իշխանություններին եւ ընդհակառակը՝ ժամանակի ընթացքում այդ շարժումը թուլացավ եւ այժմ գրեթե մարելու եզրին է։ Հենց դրանից էլ ոգևորվելով՝ իշխանությունները մտածեցին, որ այլեւս կարիք չկա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ այլեւս քաղաքական ուժերի մեծ մասը չեն պահանջում արտահերթ ընտրություններ, եւ իրենց կարծիքով հասարակական մեծ պահանջ չկա։ 


-Չնայած «Իմ քայլն» ասում է, որ չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, բայց, ըստ 6 ամսյա ճանապարհային քարտեզի, փոխում է «Ընտրական օրենսգիրքը» եւ «Կուսակցությունների մասին» օրենքը։ Սա ի՞նչ նպատակ ունի, հնարավո՞ր է 6 ամիս անց, այնուամենայնիվ, լինեն ընտրություններ։


-Այո, «Կուսակցությունների մասին» օրենքը եւ Ընտրական օրենսգիրքը կփոխվեն, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը ամբողջովին դուրս չէ օրակարգից, եթե քաղաքական ուժերը շարունակեն ճնշումները իշխանությունների վրա եւ ավելացնեն այդ ճնշումները, նորից բարդացնեն իշխանությունների կյանքը, այլեւս անհնար լինի նման պայմաններում գործունեություն ծավալել, իշխանությունը ստիպված կլինի գնալ արտահերթ ընտրությունների։ Իրենք այս պահին նայում են, թե ինչ է կատարվում փողոցում քաղաքական ուժերի կողմից, եթե այդ ճնշումը թուլանա, ինչն այժմ տեղի է ունենում, ապա իրենք ընդհանրապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը կհանեն իրենց օրակարգից։ 


-Հնարավո՞ր են ռադիկալ քայլեր ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների չեղարկման պարագայում։  


-Ինչ վերաբերում է ռադիկալ քայլերին, ապա ընդդիմությունը հիմա ինձ համար անհասկանալիորեն ավելի շատ Նիկոլ Փաշինյանին օգնում է, քան խանգարում։ Օրինակ՝ 17 քաղաքական ուժերի հայտարարությունները, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն պահանջում, այլ իշխանությունն են պահանջում, որ իրենց տան իշխանությունը, որ հետո նոր իրենք ընտրություն անցկացնեն, դա անտրամաբանական է, հակաքաղաքագիտական, հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական։ Մեր սահմանադրությունը ունի կետեր եւ այնպիսի մեխանզիմներ, որով քաղաքական ճգնաժամերը կարելի է լուծել։ Կարելի է այնպես անել, որ իշխանությունների առաջ հստակ պահանջ դրվի, որ գնան արտահերթի, իսկ 17 քաղաքական ուժերը դա չեն անում, պահանջում են իշխանություն, որ իրենք նոր անցկացնեն ընտրություններ․ սա բնականաբար անընդունելի է հասարակության մի զգալի մասի համար, որովհետեւ իր մեջ ոչ անուղղակիորեն, բայց իշխանության զավթման փորձ է, համենայնդեպս՝ այդպիսի ընկալում կա, որովհետեւ իշխանության ձևավորման միակ աղբյուրն ընտրություններն են, իսկ այս 17 քաղաքական ուժերի ցանկությունը, բնականաբար, անընդունելի է։ Դրա համար հասարակության մի ստվար զանգված այդ ուժերի հայտարարությունները չի հասկանում եւ նաեւ չի ընդունում։ Ռադիկալ քայլեր, այո, ընդդիմադիրների կողմից տեսականորեն կարող են լինել, բայց չեմ կարծում՝ դրանք հասարակական աջակցություն կարող են ստանալ։ 


Գեղամ Ադյան