Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ԱԽ նիստում Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ։

«Ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել  Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»:

Civik.am-ը առաջիկայում կփորձի պարզել, թէ ինչ են պատրաստվում անել ՀՀ իրավապահ մարմինները գործակալներին պատժելու համար։