Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
15:00, 18 май 2021
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում
օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ
խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով:

Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր
առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝
ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել
է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր
ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու
ուղղությամբ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»:

Արսեն Թորոսյանը ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է նաև դիտորդական
առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև
համավարակով պայմանավորված ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ
ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է:

Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ
գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել
արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը
ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում
համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և
աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն
անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի
իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում
ընտրոներին իրազեկելը»,-ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին
կիրառված ընտրական գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը
պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները,
տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:

Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները
պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման
գործընթացում: