Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեր-Պետրոսյանը, երբ խոսում է խայտառակ լինելու մասին, պետք է դիտարկի 1996 թվականի ընտրությունները․ Կարեն Գրիգորյան

Տեր-Պետրոսյանը, երբ խոսում է խայտառակ լինելու մասին, պետք է դիտարկի 1996 թվականի ընտրությունները․ Կարեն Գրիգորյան
Քաղաքականություն
16:20, 18 май 2021
«Ակնկալիքը ՀԱՊԿ-ից պետք է լինի հետեւյալի մասին՝ ՀԱՊԿ-ը իր բոլոր խողովակներով պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի խաղաղ ճանապարհով ադրբեջանցի զինծառայողները ՀՀ սուվերեն տարածքից դուրս գան»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծված իրավիճակում շատ բան պոկել Հայաստանից եւ իշխանության ուրիշ լինելու դեպքում էլ Ադրբեջանի ռամաքաղաքական մոտեցումը մնալու էր նույնը։ «ՀՀ-ում պետք է լինի այն իշխանությունը, որը որ ընտրված է ժողովրդի կողմից եւ ներկայացնում է ժողովրդին», - ընդգծեց նա։

Անդրադառնալով ՀԱԿ-ի համագումարի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններին, Գրիգորյանն ասաց. «Շատ հետաքրքիր է, թե ինչու Տեր-Պետրոսյանը անդրադարձ չկատարեց Սերժ Սարգսյանին, նույն հանրապետականը հայտ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու։ Միգուցե Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ են, միգուցե ոչ։ Իմ մոտ, որպես քաղաքացի, հարց է առաջանում, որ Տեր-Պետրոսյանը 2017-ին հանդես էր գալիս 7 տարածքների տրման տրամաբանությամբ, դրանք բոլորը կարելի է կապել կամ չկապել իրար հետ»։

Խոսելով Տեր-Պետրոսյանի այն պնդման մասին, որ Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու դեպքում Հայաստանը խայտառակ է լինելու, Գրիգորյանն ասաց․ «Որեւիցե քաղաքական գործիչ չի որոշելու, թե ով լինի իշխանությունը։ Մենք պետք է հպարտ լինենք, որ Հայաստանում իշխանությունը ձեւավորվել եւ ձեւավորվելու է ժողովրդի ազատ կամարտահայտմամբ», - ասաց նա եւ հավելեց․ «Տեր-Պետրոսյանը, երբ խոսում է խայտառակ լինելու մասին, պետք է դիտարկի 1996 թվականի ընտրությունները»։