Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծապատիվ «մտավորականները»․ շոու բիզնեսի ու քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ հերթ են կանգնում Քոչարյանի գրասենյակի առաջ

Մեծապատիվ «մտավորականները»․ շոու բիզնեսի ու քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ հերթ են կանգնում Քոչարյանի գրասենյակի առաջ
Քաղաքականություն
18:30, 18 май 2021
Վերջին օրերին Հյուսիսային պողոտայում բացված Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ հերթեր են։ Civic.am-ին հասած տեղեկություններով՝ Քոչարյանի փողերի ու, թերևս, ցուցակ մտնելու հույսով՝ որոշ քաղաքական գործիչներ, մարդ-կուսակցությունների որոշ ղեկավարներ, շուոբիզնեսի ներկայացուցիչներ և այլ հանրային գործիչներ առավոտից հերթ են կանգնում՝ գրասենյակ մտնելու և իրենց ծառայությունները Քոչարյանին առաջարկելու համար։ 

Հյուսիսային Պողոտայով անցնելիս շատ հաճախ կարելի է այդ շրջանակին տեսնել Քոչարյանի շտաբի դիմաց։ Նախընտրական այդ շտաբում հիմնականում Քոչարյանի ավագ որդին է լինում՝ Սեդրակ Քոչարյանը։ Նա է համակարգում շտաբի աշխատանքները։ Առավոտից  մինչև ուշ երեկո շտաբի դռների մոտ կարելի է տեսնել  ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին և այլ դաշնակցականների։ Նախօրեին նույն տեղում նկատեցինք նաև Հրանտ Թոխատյանին։ Վերջինից այսօր հետաքրքրվեցինք՝ նախընտրական ցուցակո՞ւմ է լինելու, թե՞ այլ ծառայություններ է մատուցում Քոչարյանին։ Թոխատյանը, սակայն, հերքեց, թե Քոչարյանի շտաբում Է եղել՝ պատճառաբանելով, թե հիվանդ է և տնից դուրս չի գալիս.«Ինձ այդտեղ ոչ ոք չէր կարող տեսնել մի պարզ պատճառով, որ ես արդեն 10 օր է հիվանդ պառած եմ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ երբեք որևէ քաղաքական ուժի ցուցակում չի եղել, չկա ու չի լինելու։

Առաջարկներ է՞լ չեք ստացել՝ հարցրինք։ Ոչ՝ եղավ պատասխանը. «Ոչ, ոչ մի առաջարկ չեմ ստացել, քանի որ գիտեն, որ ինձ չի կարելի առաջարկություն անել։ 30 տարվա մեջ դրան սովորել են»,-ասաց Թոխատյանը։

Երբ վերջինիս հիշեցրեցինք, որ վերջին շրջանում քաղաքականապես բավական ակտիվ է, պատերազմից հետո ընդդեմ իշխանությունների ակցիաների էր մասնակցում, հայտարարում, որ Քոչարյանը մեծ փորձ ունի, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է տնտեսական մեծ աճ և այլն, Թոխատյանը պատասխանեց. «Ես գերիների հարցով ակցիաների եմ մասնակցել, Լեռնային Ղարաբաղի երեխաների ուսումնական հարցերով եմ զբաղվել և հիմա էլ զբաղվում են տների կառուցմամբ։ Դա է իմ զբաղմունքը։ Նախընտրական շրջանում ունեմ այնքան քաղաքական հետաքրքրվածություն, որքանով, որ սա իմ երկիրն է»,- եզրափակեց Թոխատյանը։ 

Հիշեցնենք, որ հենց հունվարի 28-ին կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ էր Թոխատյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում, որ «Քոչարյանը մեծ փորձ ունի, դրա մեջ կասկած չկա ու նրա ժամանակահատվածում տնտեսական աճ է եղել»։

Թերևս պատահական չէ նաև, որ վերջին շրջանում շոուբիզնեսի որոշ դեմքեր և այլ գործիչներ ողջ եռանդով միացել են մեդիատեռորին։

Արփի Հարությունյան