Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին

Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին
Քաղաքականություն
20:44, 18 май 2021
Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Դաշինք կազմելու մասին հուշագիրը ստորագրեցին երկու կուսակցությունների առաջնորդներ Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը:

Այսպիսով, այս ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ:  

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ իրենք որոշել են առաջիկա ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով ու իրենց նպատակն է 2018 թվականի հեղափոխության իդեալների  ու բացթողումների վերհանման իրականացումը: «Մեր երկրում պակասում է վճռականությունը, այս ուժը լինելու է նա, որ դրսևորելու է կամք, սկզբունքայնություն ու մինչև վերջ գնալու ցանկություն: Մենք կանգնած ենք մեր պատմության ճակատագրական խնդիրները լուծելու առաջ, այսօր ավելի սուր է վիճակը, քան 1920 թվականին, երբ Հայաստանում բռնազավթվեց իշխանությունը»,- ասաց Շիրինյանը՝ ավելացնելով, որ Հանուն Հանրապետության կուսակցության հետ որևէ տարաձայնություն չունեն, հարցերի քննարկումները եղել են կարճ , ունեն համախոհություն և տրամադրություն՝ միասին գնալու դեպի ընտրություններ: «Հույս ունեմ, որ մեր դաշինքը կունենա նույն տրամաբանությունը: Հայաստանը պետք է ունենա վերընթաց զարգացում, մեր առաջ դնում ենք արդիականացման, արդյունաբերության զարգացման, գիտատեխնիկական ու մշակութային բարձր արժեքների վրա հիմնված պետություն ունենալու նպատակ»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Իր հերթին, Արման Բաբաջանյանը անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին: «Այսօր Սյունիքով անցնում է Հայաստանի ինքնիշխանության ողնաշարը ու մեր արձագանքից է կախված, թե որքան անկոտրում կմնա այդ ողնաշարը, որքանով կհաջողենք մեր ձգտումների մեջ: Մենք առաջիկա խորհրդարանում պետք է նյութականացնենք մեր նպատակները: Այն ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում՝ ընտրական գործընթացների հետ գրեթե անհամատեղելի են: Այսօր լուռ գործելու, աշխատանքով դրսևորվելու ժամանակաշրջան է, իսկ եթե որոշում ենք խոսել, ապա միայն կոնկրետ ծրագրերից, խնդիրներից, առարկայորեն, վեր հանելով ներքին և արտաքին անվտանգային խնդիրները»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները մեր պետականության համար ոչ պակաս կարևոր միջոցառում է: