Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը փոխհատուցում է իրեն հիվանդության թղթերով բանտից հանած, ապա «հրաշքով բուժած» Չարչյանին. Նա կլինի ցուցակում

Քոչարյանը փոխհատուցում է իրեն հիվանդության թղթերով բանտից հանած, ապա «հրաշքով բուժած» Չարչյանին. Նա կլինի ցուցակում
Քաղաքականություն
17:07, 19 май 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ իրեն պատկանող «Կոնգրես» հյուրանոցում հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա բուժանձնակազմը հիմնականում «Իզմիրյան» բժշկական կենտրոնի անձնակազմն էր, իսկ բեմում Ռոբերտ Քոչարյանի կողքին նստած էր «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը, որը և, ըստ էության, կազմակերպել էր այդ հավաքը։ Վերջինս մայիսի 9-ին մասնակցում էր նաև Ազատության հրապարակում Քոչարյանի հանրահավաքին։ 

Հիշեցնենք, սկսած 2019 թվականից, երբ Քոչարյանը մարտի 1-ի գործով հայտնվեց անազատության մեջ, տարբեր պատճառաբանություններով, վիճելի բժշկական տեղեկանքների հիման վրա Չարչյանը մեկ վիրահատում էր Քոչարյանին, մեկ ամիսներով նրան պահում «Իզմիրյան» ԲԿ-ում վերականգնողական բուժման համար, որպեսզի Քոչարյանը խուսափեր քրեակատարողական հիմնարկում մնալուց և այդ պատրվակով հետաձգվեր նաև մարտի 1-ի գործի դատաքննությունը։ Ըստ Չարչյանի՝ Քոչարյանն այդ ժամանակ երեք ուղղութունենրով խնդիրներ ուներ՝  ուրոլոգիա, կարդիոլոգիա և վեգետաանոթային դիստոնիա։ Այդ նպատակով 2020 թվականին նույն Չարչյանի բժշկական եզրակացության հիման վրա Քոչարյանն այնքան պահվեց «Իզմիրյան» ԲԿ-ում,որ մինչև 2020 թվականին հուլիսին վերաքննիչ դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոցը։ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանը մեկ օրում «հրաշքով բժշկվեց» և սկսեց հանրությանը ցուցադրել իր սպորտային կեցվածքն ու ունակությունները։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում «տևական ու պարտադիր» հիվանդանոցային բուժման կարիք ունեցող Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո միանգամից անցավ ակտիվ, առողջ ապրելակերպի։ Նա ամեն օր համացանցի իր էջում ի ցույց էր դնում իր առողջ լինելու, առողջ ապրելակերպով ապրելու փաստը՝ լողում էր, հեծանիվ էր քշում, մարզասրահ էր այցելում և ակտիվ մարզվում էր, Սևանում իր մոտորանավակով հնարքներ էր ցուցադրում։ Հենց դրանից հետո հանրության մոտ օբյեկտիվորեն հարցեր առաջացան՝ արդյոք հիմնավո՞ր էին «Իզմիրլյան» ԲԿ-ում տրամադրած բժշկական տեղեկանքները, որոնց հիման վրա էլ վարչական դատարանը որոշել էր, որ մինչ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կամ առհասարակ նա առողջական որևէ խնդիր ունե՞ր։

Քոչարյանի պարբերաբար հիվանդանոցում հայտնվելու փաստը ժամանակին  կասկածելի էր համարել նաև մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Նա արդարադատության նախարարին,առողջապահության նախարարին, նաև վարչապետին գրություն էր ուղարկել՝ պահանջելով թափանցիկ դարձնել Քոչարյանի՝ պարբերաբար հիվանդանոցներում գտնվելու հանգամանքներն ու հիմքերը: Բայց ապարդյուն։ 

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն «Իզմիրյան» ԲԿ-ն պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նույն հրապարակումների համաձայն՝ մասնաբաժին ունի նաև Ռոբերտ Քոչարյանը։ Հաջորդիվ՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է հանդիպի «Տոյոտա- Երևանի» աշխատակազմի հետ։  

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով Քոչարյանն առաջարկել է Չարչյանին տեղ զբաղեցնել նաև իր ղեկավարած դաշինքի նախընտրական ցուցակում։ 

Ասել է թե, Քոչարյանն այսկերպ վարձահատույց է լինում Չարչյանին վերջինիս մատուցած «ծառայությունների» դիմաց։ 

Արփի Հարությունյան