Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տեր-Պետրոսյանը չէ՞ր կարող քաղաքացիական պատերազմը կանխել․ Փաշինյանն ինչպե՞ս կանխեց»․ Հրաչյա Հակոբյան

«Տեր-Պետրոսյանը չէ՞ր կարող քաղաքացիական պատերազմը կանխել․ Փաշինյանն ինչպե՞ս կանխեց»․ Հրաչյա Հակոբյան
Քաղաքականություն
17:57, 19 май 2021
«Չէ՞ր կարող ինքը կանխել։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարողացավ կանխել քաղաքացիական պատերազմը, նույնկերպ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ասում էին, որ գնում եք քաղաքացիական պատերազմի։ Փառք Աստծո, քաղաքացիական պատերազմ չեղավ։ Թող բարի լիներ Լևոն Տեր-Պետրոսյանն ունենար այն իշխանությունը, որ կարողանար կանխել քաղաքացիական պատերազմը և կարողանար կանխել Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ նշանակվելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը՝ մեկնաբանելով  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին քաղաքացիական պատերազմի, և ինքը հրաժարական տվեց՝ դրանից խուսափելու համար։

Այնուհետև նա նշեց, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ տեսնում են առաջին նախագահի մեղավորությունը,որ նա Ռոբերտ Քոչարյանին բերեց ՀՀ նախագահ՝ ինքն էլ տալով հրաժարական, հեռացավ, հիմա էլ ասում է քաղաքացիական պատերազմից է խուսափել։

«Ես 2008 թվականի բոլոր հանրահավաքներին ներկա եմ եղել,ու հիմա ցավով խոսում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի արած նմանատիպ հայտարարությունների մասին։ 2008 թվականին, երբ հարթակից խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ես չէի մտածի,որ երբևէ, ես այնպիսի հայտարարություններ կլսեմ, ինչպիսին լսում եմ հիմա»։

Հարցին, թե այդ ժամանակ դուք իրեն չէի՞ք մեղադրում Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու համար, ի պատասխան Հրաչ Հակոբյանն ասաց, որ մեղադրում էին, ինքն էլ էր իրեն մեղադրում։

«Ոմանց ասում էր թաթար-մոնղոլներ, ոմանց ասում էր ավազակապետություն, և եկավ մի օր,որ թաթար-մոնղոլների և ավազակապետերի հետ ուզում էր դաշինքով մասնակցել ընտրություններին։ 2008 թվականի հանրահավաքների ժամանակ մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ այն մարդը, ով այդպիսի պատկառելի քաղաքական գործիչ էր և խոսում էր հանրահավաքների ժամանակ հարթակից, երբևէ կանի նման հայտարարություն կամ կմտածի այդպես»,-ասաց Հրաչ Հակոբյանը։