Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայից արձագանքել են Էրդողանին հակասեմականության մեջ մեղադրող ամերիկյան հայտարարությանը

Թուրքիայից արձագանքել են Էրդողանին հակասեմականության մեջ մեղադրող ամերիկյան հայտարարությանը
Քաղաքականություն
23:05, 19 май 2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքն արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարությանը: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն Էրդողանին մեղադրել էր հակասեմական հայտարարություններ անելու մեջ: Չելիքի գնահատմամբ՝ Վաշինգտոնը այդպիսով թիրախավորել է Էրդողանին, ինչը անընդունելի է Անկարայի համար և խիստ դատապարտելի:


«Նեթանյահուի ռեժիմի դաժանություներին աջակցողները չեն կարող իրենց խղճի ճեղքը փակել՝ մեր նախագահի հասցեին ստեր հնչեցնելով»,- ասել է Էրդողանի կուսակցության խոսնակը: 



Չելիքը նաև պնդել է, որ Էրդողանին հակասեմականության մեջ մեղադրելն անտրամաբանական ու սխալ մոտեցում է: 

«Ամերիկացի խոսնակները, որոնք աջակցում են պաղեստինցի երեխաների սպանություններին, ասելով, թե Իսրայելը ինքնապաշտպանվում է, խոսելով բախումները դադարեցնելու ջանքերից, փաստորեն մեր նախագահին կոչ են անում ընդունել իրենց տեսակետները»,- ասել է Չելիքը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ ամերիկյան կողմը Էրդողանին մեղադրել էր հակասեմական հայտարարություններ անելու մեջ ու դատապարտել այդ նրա հայտարարությունները:


«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավար անձանց զերծ մնալ սադրիչ հայտարարություններ անելուց, որոնք կարող են ավելի շատ բռնություններ հրահրել: 


Հակասեմական հռետորաբանությունը տեղ չունի ոչ մի տեղ: ԱՄՆ-ն վճռական է տրամադրված հակասեմականության դեմ՝ իր բոլոր դրսևորումներով պայքարի հարցում»,-նշվում է հայտարարության տեքստում: 

Բացի այդ Անկարային կոչ է արվել միանալ Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանքին՝ ուղղված իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը։