Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյուղեր հանձնելու հարց չկա, պետք չէ հղում անել կասկածելի անձանց․ Մակունց

Գյուղեր հանձնելու հարց չկա, պետք չէ հղում անել կասկածելի անձանց․ Մակունց
Քաղաքականություն
16:42, 20 май 2021
Իմ տեղեկությունով՝ ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր: Հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց՝ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը:  Այս մասին այսօր ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով համացանցում լայնորեն քննարկվող փաստաթղթին, որի մասին Կառավարության այսօրվա նիստում հիշատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետն այլ շեշտադրումներով է խոսել 100-տոկոսանոց ՀՀ շահերից բխող որևէ փաստաթղթից: Այստեղ կարևոր է արձանագրել պայմանները, որոնց ընդունումը, իհարկե, պարտադիր է»,- նշեց տիկին Մակունցը:

Համացանցում որոշ շրջանակների կողմից տարածվող տեղեկությունը, թե փաստաթղթում գյուղեր հանձնելու հարց կա, Մակունցը հերքեց, ասելով, որ պետք չէ հղում անել կասկածելի անձանց:

Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են ԱԺ-ում քննարկում նախաձեռնել այս առթիվ, քանի որ, ըստ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, Հայաստանի տարածքներին վերաբերող որևէ՝ հարց առանց ԱԺ-ի չի կարող որոշվել, Մակունցը նշեց, որ չի ցանկանում, որ բոլորն իրադարձություններից առաջ ընկնեն․«Ուզում եմ հիշեցնել, որ խոսվում էր պայմանների մասին, որոնց բավարարումը անհրաժեշտ է որևէ հարց դիտարկելի դարձնելու համար, այդ թվում, հանձնաժողով ստեղծելու հետ կապված»։ 

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նա այն հանգամանքին, որ 1 շաբաթից ավել է ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն, դեռ նրանց կողմից հստակ պատասխան չի ստացվել, չնայած, որ ենթադրվում էր ստանալ արձագանք՝ եռօրյա ժամկետում, Մակունցը մեկնաբանեց․ «ՀԱՊԿ-ի աշխատանքներն ունեն որոշակի ընթացակարգեր և եռօրյա ժամկետում ոչ թե ներկայացվում է դիրքորոշում, այլ հրավիրվում են նիստեր»։