Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության փոխնախարարը ԵԽԽՎ զեկուցողին ներկայացրել է գերիների և անհայտ կորածների հետ կապված իրադրությունը

ՀՀ պաշտպանության փոխնախարարը ԵԽԽՎ զեկուցողին ներկայացրել է գերիների և անհայտ կորածների հետ կապված իրադրությունը
Քաղաքականություն
21:38, 20 май 2021
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած համարվող անձանց հետ կապված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ:
ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցում ամբողջապես ներկայացվելու է առկա տեղեկատվությունը: