Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ․ Արցախի հակամարտությունը լուծված չէ»․ Ռուբեն Ռուբինյան․ Տեսանյութ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ քննարկվում է այն փաստաթուղթը, որը նախօրեին տարածվել էր սոցցանցերով և որևէ այլ փաստատթուղթ և գաղտնի հավելված չկա։ Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մեջ որևէ խոսք չկա որևէ տարածքի զիջման վերաբերյալ։ Ռուբինյանը նշեց, որ մայիսի 12-ին, ադրբեջանցիների կողմից ՀՀ ճանաչված տարածքներ մուտք գործելուց հետո Ռուսաստանն առաջարկել է ստեղծել հանձնաժողով՝ դեմարկացիա և դելիմիտացիա անելու մասին։

«Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ առաջարկվում է ստեղծել հանձնաժողով այդ աշխատանքները անելու մասին, ոչ թե հիմա, կամ վաղը կամ մեկ ամսից կատարել դեմարկացիա և դելիմիտացիա, այլ ստեղծել նման հանձնաժողով։ Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ Հայաստանի և Վրաստանի միջև կա այդպիսի երկկողմ հանձնաժողով, որը 20 տարուց ավել գործում է և սահմանի մի մասը դեմարկացված է, իսկ մի մասը դեմարկացված չէ, և մենք ի պատասխան այս առաջարկի կրկին մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալուց և ելման դիրքեր վերադառնալուց հետո», - ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանը նշեց, որ եթե Հանձնաժողովը ստեղծվի, ապա խոսքը գնալու է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դելիմիտացիա և դեմարկացիա անելու մասին, այլ ոչ՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների մասին։ «Այսինքն այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ։ Արցախի հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանգիր չէ, որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այլ կարգավիճակին և Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով անկլավների հնարավոր փոխանակմանը Ռուբինյանը նշեց, որ  հնարավոր են տարբեր իրավիճակներ, բայց դա շատ երկար գործընթաց է։ «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ Ադրբեջանում և՝ հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա, կարող են՝ չդառնալ, կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել՝ պետք չէ ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ Հանձնաժողովը ստեղծվի, ապա դա նշանակելու է, որ հիմա տեղի է ունենալու դելիմիտացիա և դեմարկացիա։ Ո՛չ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ», - նշեց Ռուբինյանը։

Թե ո՞ր թվականի քարտեզներով է կատարվելու սահմանազատումը, Ռուբինյանը նշեց, որ դա ևս այդ հանձնաժողովում քննարկվելիք թեմա է, եթե այդ հանձնաժողովը ստեղծվի։ Ռուբինյանը նշեց, որ որևէ տարածքի հանձնման մասին ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր պայմանավորվածություն չկա։

ՀԱՊԿ-ի արձագանքի մասին Ռուբինյանն ասաց․ «Այո՛, գործընթացները տեղի չեն ունենում այն արագությամբ, որ մենք կուզեինք, բայց կան մեխանիզմներ և այդ մեխանիզմները գործարկված են»։