Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի դեմ դատական գործով արդեն 2-րդ ամբաստանյալն է մահանում․ դատական նիստն այսօր հետաձգվել է

Սերժ Սարգսյանի դեմ դատական գործով արդեն 2-րդ ամբաստանյալն է մահանում․ դատական նիստն այսօր հետաձգվել է
Քաղաքականություն
13:30, 18 февраль 2021
Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով այսօր՝ փետրվարի 18-ին, կայանալիք դատական նիստը հետաձգվել է։ Նիստը հետաձգելու միջնորդությունը ներկայացրել է պաշտպանական կողմը։ Այս մասին  Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  

Նշենք, որ այսօր առավոտյան կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, որը մեղադրյալ էր պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու քրգործով։ Այս գործով հիմնական մեղադրյալը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Կարապետյանը ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ։  
 
Civic.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված Սերգո Կարապետյանի մահը ի՞նչ ազդեցություն կունենա դատաքննության ու մեղադրանքի վրա, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց․ «Ցավալի է այն փաստը, որ այս գործով արդեն երկրորդ մեղադրյալն է մահանում, բայց դատական քննությունը կշարունակվի, որովհետև այս գործով ուրիշ մեղադրյալներ էլ կան։ Մահացածների տված ցուցմունքները կընթերցվեն դատական նիստի ժամանակ ապացույցների բազայում»։

Մեկ տարի դատարանում քննվող գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: 
 
Մոտ մեկ ամիս առաջ մահացավ այս գործով ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ունեցող գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանը։ Իսկ Սերգո Կարապետյանի մահվան փաստը հաստատվեց այսօր։ Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի դեմ քրգործով 5 մեղադրյալներից 2-ը մահացել են։ 

Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախկին նախարար Սամվել Կարապետյանի ցուցմունքի հիման վրա էր Սերժ Սարգսյանը ներգրավվել որպես մեղադրյալ և գործն ուղարկվել էր դատարան։ Ըստ մեղադրանքի՝ քննվող դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին։ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:
 
Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ և բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:
 
Նշենք, որ դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ էին ներգրավված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, վերջինիս տեղակալ Սամվել Գալստյանը, նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը և «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նշված անձինք մեղադրվում են պետական միջոցներից հափշտակություն և վատնում կատարելու մեջ՝ ընդհանուր թվով 489.160.310 ՀՀ դրամի չափով։ 

Նարա Մարտիրոսյան