Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատի՞վ ունեմ, թե՞ թալան․ «Պատիվ ունեմ»-ի 1-ին համարը ժամանակին բացահայտել է 2-րդի առնչությունը 1,8 մլրդ դրամի թալանին

Պատի՞վ ունեմ, թե՞ թալան․ «Պատիվ ունեմ»-ի 1-ին համարը ժամանակին բացահայտել է 2-րդի առնչությունը 1,8 մլրդ դրամի թալանին
Քաղաքականություն
17:33, 21 май 2021
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով շուրջ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական դաշինք կազմած ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ոչ վաղ անցյալում հպարտանում էր պետական ունեցվածքի թալանի բացահայտումներով։ 

Ընդ որում՝ իր բացահայտած թալանի հեղինակները հիմնականում հենց այն մարդիկ են, ում հետ այսօր դաշինք է կազմել Վանեցյանը։ Նրա պաշտոնավարման օրոք ԱԱԾ-ն չարաշահման սկանդալային բացահայտումներ է արել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի, փեսայի՝ Միքայել Մինասյանի և այլ մերձավորների վերաբերյալ։ 

Ինքն իրեն կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ համարողը դաշինք է կազմել կոռուպցիայի դեմ պայքարը «հասարակությանը սևերի և սպիտակների բաժանում» անվանող ուժի հետ։ 

Ինչպես հայտնի է՝ «Պատիվ ունեմ» դաշինքի 2-րդ համարը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ընդամենը 3 տարի առաջ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը բացահայտել էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի առնչությունը «Երևան» հիմնադրամում հայտնաբերված 1,8 մլրդ դրամի չարաշահումներին։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանն այդ հիմնադրամի նախագահն էր։ 

ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով քրեական գործ էր հարուցել ու մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին:

Ընդ որում՝ բացահայտումից հետո «Երեւան» հիմնադրամից թալանված գումարի 1 մլրդ դրամը վերադարձվել էր բյուջե, իսկ մնացած 810 մլն դրամը պետք է հետո վճարվեր։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ էին իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս էին բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:

Այդ ժամանակ Վանեցյանը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ, որը վերաբերում էր նրա ունեցվածքին։ «Եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, նա պատասխանատվություն կկրի, իսկ ինչ վերաբերում է «Երեւան հիմնադրամին» առնչվող քրեական գործին, ապա գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից»,- ասել էր Վանեցյանը։

Հեղափոխությունից հետո հարուցված քրգործով պետական պաշտոնյա Տարոն Մարգարանի 10 մլն դոլարի հասնող ունեցվածի հետ կապված բացահայտումներ Վանեցյանն այդպես էլ չարեց։ «Հայ ազգային կոնգրես»-ը, գումարելով Տարոն Մարգարյանի գույքն ու փողերը, մոտ 10 միլիոն դոլար էր գնահատել քաղաքապետի կարողությունը և 2013 թվականին դատախազություն էր դիմել՝ պարզելու, թե ինչպես է ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած երիտասարդ քաղաքապետը նման կարողություն դիզել: Դատախազությունն այդ ժամանակ մերժել էր քրեական գործ հարուցել Մարգարյանի դեմ՝ ապացուցված չհամարելով պնդումը, որ այդ կարողությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով:

Վանեցյանի խոստացած շատ բացահայտումներ անկատար մնացին։ Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսել են նրա, վարչապետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, ԱԱԾ-ից անհետացել են խիստ գաղտնի փաստաթղթեր, Հայաստանից փախել են խոշոր ֆինանսական չարաշահումների և Մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին պաշտոնյաներ։ 

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը պատասխանել էր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մասին հնչող հարցերին՝ ասելով. «Երբեմն ես լսում եմ կարծիքներ, թե Արթուր Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպես եք նրա հետ դաշինք կազմում: Շատ պարզ: Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նույնն անել մյուսներին: Ավաղ, նրան չլսեցին»:

Իսկ «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետ Դավիթ Հարությունյանն էլ հավելել էր․ «Պարոն Վանեցյանը հավատացել է շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրեն հրամցվում էին, սակայն արագ հասկացել է, որ դրանք ընդդիմախոսներին ճնշելու համար էին»։ 

Հարց է ծագում, թե եթե այդ լուրերը կեղծ էին, ինչպե՞ս և ինչո՞ւ են նախկին իշխանությունները բյուջե վերադարձրել միլիոնավոր դոլարներ։ 

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ի անդամ, պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Արման Սահակյանի դեմ ևս կա քրգործ։ Դե իսկ այսօր դատարանում կես մլրդ դրամի հափշտակության մեղադրանքով դատվող Սերժ Սարգսյանի գործը նույնպես ԱԱԾ-ն է բացահայտել։ 

Մարինե Խառատյան