Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչո՞ւ Բելառուսը կարող է ստանալ մի քանի անգամ էժան գազ, իսկ Հայաստանը՝ ոչ»․ Ինչ են ուզում Ռուսաստան-Հայաստան միության ջատագովները

«Ինչո՞ւ Բելառուսը կարող է ստանալ մի քանի անգամ էժան գազ, իսկ Հայաստանը՝ ոչ»․ Ինչ են ուզում Ռուսաստան-Հայաստան միության ջատագովները
Քաղաքականություն
19:09, 08 февраль 2021
2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո Հայաստանի որոշ կուսակցությունների կողմից առաջ բերվեց Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը։ Շաբաթ օրը կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» անվանումը կրող նախաձեռնության համագումարը, որտեղ հայտարարվեց, թե «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան եւ բարգավաճումը մեր դարավոր բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության մեջ»: 

Այս նախաձեռնության հեղինակներն են՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ղրիմի աշխարազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը և այլք։

Մենք կապ հաստատեցինք Արտաշես Գեղամյանի հետ՝ առավել մանրամասն տեղեկանալու նախաձեռնության միտումներին, սակայն  «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը համաձայնեց բացառապես ուղիղ եթերում զրուցել։ Իսկ նախաձեռնության հեղինակներից Հայկ Բաբուխանյանը չպատասպանեց մեր հեռախոսազանգերին։

Այս նախաձեռնությունից դուրս՝ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության առաջարկով էր հանդես եկել նաև «Ալիանս» կուսակցության ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ձևավորել Միութենական միավորման նոր ձևաչափ անկախ պետությունների մասնակցությամբ, որը հնարավորություն կտա փոխինտեգրել և հզորացնել ՀՀ զինված ուժերը՝ օգտագործելով Ռուսաստանի պոտենցիալը՝ ռազմական տեխնիկան, մարդկային ռեսուրսները՝ մասնավորապես միացյալ սահմանապահ զորքերի ձևավորմամբ, այնպես ինչպես հիմա տեղի է ունենում Թուրքիայի կամ Իրանի հետ սահմաններին։
Մեր դիտարկմանը՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ երկիր է և պատերազմի դեպքում, ըստ պայմանագրի, ռազմական աջակցություն պետք է տրամադրվի Հայաստանին՝ արդյոք բավարար չէ այս ձևաչափով համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց․ «ՀԱՊԿ-ը բազմակողմանի պայմանագիր է, և պատերազմի պարագայում անհրաժեշտ է հրավիրել անվտանգության խորհուրդ և կոնսենսուսի պարագայում նոր ստանալ աջակցություն։ Սակայն ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք Ադրբեջանի հետ հատուկ հարաբերություններ ունեն և արդյո՞ք անհրաժեշտ է այդ իմպերատիվ պահանջից կախված մնալ»։ 

ԱԺ անկախ պատգամավորի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան նոր քաղաքական ձևաչափում կարող են լինել նաև այլ պետություններ, որոնք կընդունեն ու կհամաձայնեն մեր առաջարկին։ Նա նաև հավելեց, որ իրենց առաջարկած քաղաքական պլատֆորմը դեռևս մանրամասնելու անհրաժեշտություն ունի՝ և՛ հանրության հետ, և՛ քաղաքական դաշտում քննարկելու առումով․ «Մեր բարձրացրած հարցերում նաև տնտեսական բացադրիչ կա՝ օրինակ էներգակիրների մասով՝ ինչո՞ւ Բելառուսը կարող է ստանալ մի քանի անգամ էժան գազ, իսկ Հայաստանը՝ ոչ։ Քաղաքացիների կացության և սահմանային հատումների ռեժիմներին վերաբերող հարցեր կան, այսօրվա համար մեկ խնդիրներից մեկը»։ 

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ իրենց առաջարկը ինչպես տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից, այնպես էլ  տնտեսական, սոցիալական տեսակետներից Հայաստանի համար առավել նպաստավոր՝ փոխինտեգրման նոր որակ է։ Եվ այս համատեքստում օրինակ բերեց՝ Եվրոպայի անդամ պետությունները և Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությունը։ 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ թեպետ Հայաստանը պետք է սերտ աշխատի Ռուսաստանի հետ և այդ աշխատանքի արդյունավետությունը պետք է բարձրացնել հիմնված փոխադարձ շահի վրա, այնուամենայնիվ Ռուսաստան-Հայաստան Միութենական պետության ստեղծումը չի բխում Հայաստանի շահերից։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը շարունակվում է և թուլացող կողմը Ռուսաստանն է։
«Հայաստանը որպես պետություն պետք է զարգանա՝ իր համար ձևավորելով անվտանգային բազմաֆունկցիոնալ համակարգեր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմագիտական։ Հայաստանը, սերտ աշխատելով Ռուսաստանի հետ, պետք է կարողանա նաև սերտ աշխատել առնվազն ԱՄՆ-ի հետ՝ որպես թիվ մեկ գերտերության։ Եվ տարօրինակ է մտածել, որ մենք ավելի պաշտպանված կլինենք թիվ մեկ գերտերության և առաջատար անվատանգային միավորի թշնամու կարգավիճակում հայտնված Ռուսաստանի հովանու ներքո»,-ասաց Հակոբ Բադալյանն ու հավելեց, որ սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ընտրենք ԱՄՆ կամ Ռուսաստան․ «Սա նշանակում է, որ մենք չենք կարող ընտրել միայն Ռուսաստան, և եթե մեզ պարտադրվում է այս ընտրությունը, ապա մենք մեր կարողության չափով պետք է դիմակայենք սրան և ցույց տանք, որ մենք պետք է աշխատենք, ոչ թե ենթարկվենք որևէ աշխարհաքաղաքական բևեռի»։

Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք Միութենական պետություն ստեղծելու պարտադրանքը գալիս է Ռուսաստանից՝ քաղաքական մեկնաբանն արձագանքեց․ «Առայժմ մենք չենք տեսել, որ Ռուսաստանի որևէ պաշտոնական կամ մերձ շրջանակ բարձրացնի այդ խնդիրը, որովհետև բարձրացնել այդ խնդիրը նշանակում է ստանձնել քաղաքական պատասխանատվություն։ Այդ ազդակները տեսնում ենք հայաստանյան ուժերից և նրանց որոշ ռուսատանյան գործընկերներից։ Եվ կարող ենք ենթադրություն անել, թե արդյո՞ք Ռուսաստանի փորձն է՝ այլ խմբերի միջոցով Հայաստանում շոշափել տրամադրություններ»։

Մեր զրուցակիցը վստահ է՝ եթե այսպիսի գաղափարներ առաջ բերվեն, և ձևավորվի Միութենական պետություն՝ ապա Հայաստանը կլինի ենթարկվողի դերում, քանի որ երկրի անվտանգային համակարգը գրեթե քանդված է, և մենք էապես կախված ենք Ռուսաստանից այդ հարցում։

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք Միութենական պետությունից հրաժարվելու այլընտրանքը կլինի Թուրքիայի լծի տակ հայտնվելը՝ Հակոբ Բադալյանն ընդգծեց․ «Հայաստանում Ռուսաստանի անվերապահ ազդեցության ներքո գործելու, ապրելու և ընդհանրապես մեր ճակատագիրը այդ շրջանակում տեղավորելու տրամաբանությունը մշտապես առաջ է բրթվել՝ հենց այդ հակադրությունն առաջացնելով։ Այսինքն՝ եթե ոչ Ռուսաստանի հետ ենթակա կարգավիճակում համակեցություն, ապա Թուրքիան կխժռի Հայաստանը։ Մենք թե՛ մեկ դար առաջ, թե՛ հիմա տեսանք, որ Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի պարտությունների հարցում պարբերաբար գալիս են համաձայնության, և այստեղ մտածել, որ Ռուսաստանը բացարձակ երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը թուրքական նկրտումներից, ես կարծում եմ՝ մենք ամենաթարմ և ողբերգական օրինակից ելնելով՝ չպետք է մտածենք կամ պատկերացնենք»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ մեր հետխորհրդային՝ այս անկախության երեք տասնամյակի պատմությունը, ցավոք սրտի, մեր մեջ ուժ չգտնելու պատմությունն է․ «Մենք միշտ փնտրել ենք ինչ-որ մի կենտրոնի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի և մտածել ենք, որ եթե մենք Ռուսաստանին հավատարիմ ենք, եթե Ռուսաստանի հանդեպ լոյալ ենք ցանկացած հարցում՝ նույնիսկ մեր շահերին հակասող քայլերի դեպքում լռելով, ապա սրա դիմաց մենք կստանանք լիարժեք պաշտպանություն, բայց տեսանք, որ չենք ստանում այդ պաշտպանությունը»։

Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ Ռուսաստանից անհրաժեշտ պաշտպանություն չստանալու խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը չի ուզում մեզ պաշտպանել կամ ուզում է մեզ հանձնել, այլ խնդիրն այն է, որ Ռուսաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մեծ դիմակայության փուլում, և այս դիմակայության փուլում Ռուսաստանը թուլացման ռեժիմում է․ «Եվ այստեղ առաջանում է անկարողություն՝ Հայաստանին պաշտպանելու որոշ անհրաժեշտ դեպքերում, և այդ անկարողությունը բերում է նրան, որ Ռուսաստանը ստիպված է լինում հերթական անգամ Հայաստանի հաշվին պայմանավորվել Թուրքիայի հետ և իր համար նվազագույն շահեր ապահովել ռեգիոնում»։ 

Նարա Մարտիրոսյան