Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է զբաղվի իր ադրբեջանական խնդրով. Մայքլ Ռուբին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է զբաղվի իր ադրբեջանական խնդրով. Մայքլ Ռուբին
Քաղաքականություն
15:41, 22 май 2021
Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հերթական հոդվածն է հրապարակել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Հրապարակելով Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ Թվիթերում տեղադրված տեսանյութը՝ Մայքլ Ռուբինը հայտարարել է, որ տեսանյութում պատկերված ԱԹՍ-ները Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործել են Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին էթնիկ հայերի դեմ հարձակման ժամանակ: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով զոհվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք:

«Սկանդալը, սակայն, թվիթը չէ: Ռասիստական սադրանքները սովորական երևույթ են Ադրբեջանում: Ավելին՝ դրանց հեղինակը Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան է»,- նշում է հետազոտողը:

Մայքլ Ռուբինը գրում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր դեսպաններին նշանակում է, որպեսզի նրանք հանրությանն իրազեկեն կառույցի գործունեության մասին, միջոցներ հավաքեն և «իրենց տաղանդն ու համբավն օգտագործեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր արժեքներն ու նպատակներն իրագործելու համար»:

Մայքլ Ռուբինն ընդգծել է, որ Ադրբեջանը համակարգված կերպով ավերել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Ջուղայի հայկական գերեզմանոցը, այդ թվում՝ միջնարդարյան հազարավոր խաչքարեր, որի նպատակն է ոչ միայն բնաջնջել ներկան, այլև՝ անցյայը:

Վերլուծաբանը հիշեցրել է, որ Hyperallergic ամսագիրն այն անվանել է «մշակութային ցեղասպանություն»: Մշակութային հանցագործության համար ամոթ զգալու փոխարեն Մեհրիբան Ալիևան հպարտանում է: Դժբախտաբար, Ադրբեջանում նման գործողություններն օրինաչափություն են, քան՝ բացառություն: