Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյան. Ստվերային կարդինա՞լ, թե՞ ստվերային գործարար. yerevanlur.am

Արմեն Գևորգյան. Ստվերային կարդինա՞լ, թե՞ ստվերային գործարար. yerevanlur.am
Քաղաքականություն
14:54, 24 май 2021
«Մենք պետք է հասկանանք, որ բախվում ենք ոչ այնքան արտահերթ ընտրությունների, որքան՝ արտակարգ, և կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտության առջև, որը կկարողանա վերականգնել կարգը երկրում․․․»։ Սրանք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խոսքերն են, որ նա երեկ հրապարակել է իր Տելեգրամ ալիքում՝ թվարկելով «երկրի զարգացման հրատապ խնդիրներ» և կոչ անելով ընտրել Ռոբերտ Քոչարյանին։

Հայաստանում բնակչության աղքատացումը բարձրաձայնող Գևորգյանին մեղադրանք է առաջադրված, որ նա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով շուրջ 5 միլիարդ դրամի եկամուտները։

Հայաստանի նախկին փոխվարչապետն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որակել է որպես «քաղաքական հետապնդում»՝ այն պայմանավորելով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետի իր դերակատարմամբ։

Անկախ նրանից, թե վեթինգի գործընթացն այդպես էլ չանցած հայաստանյան դատական համակարգի պայմաններում այս մեղադրանքը կապացուցվի, թե ոչ, Արմեն Գևորգյանը թերևս միայն եկամուտները չէ, որ թաքցրել է հանրությունից։

Մինչև 2018 թ-ի իշխանափոխությունը 47-ամյա Արմեն Գևորգյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։ Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 1997 թ-ին, երբ դարձել է այն ժամանակ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի օգնականը։

Վերջինիս՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Գևորգյանը երկար տարիներ եղել է նախագահի օգնական, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007 թ-ից ստանձել է ավելի բարձր պաշտոններ՝ ԱԱԽ քարտուղար, Տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ։ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանում Գևորգյանը գործունեությունը շարունակել է ԱՊՀ կառույցներում, ապա 2013-ին կրկին ստանձնել Տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի պաշտոնները։ Մոտ 1․5 տարվա դադարից հետո՝ 2016-ի հունիսին, նա կրկին նշանակվել է ԱԱԽ քարտուղար, ապա շատ չանցած՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018-ի ապրիլին ստաձնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, որտեղից էլ հեռացվել է 1 ամիս չանցած։

Այս տարիների ընթացքում Գևորգյանը ներկայացրել է գույքի և եկամուտների բավականին «համեստ» հայտարարագրեր։

Ըստ այդմ՝ 2011 թ-ին, երբ տարածքային կառավարման նախարարն էր, Գևորգյանը չի ունեցել որևէ անշարժ կամ շարժական գույք, չի ունեցել արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող իր։ Ունեցել է եկամտի 1 աղբյուր՝ աշխատավարձ՝ ամսական մոտ 267 հազար դրամ, սակայն հաջողել է կուտակել 30 հազար ԱՄՆ դոլար և 1․2 մլն ՀՀ դրամ։

Արմեն Գևորգյանի կինը՝ Թամար Գևորգյանը, որն ակնաբույժ է, ևս չի ունեցել որևէ անշարժ կամ շարժական գույք, արժեթղթեր կամ թանկարժեք իր։ Ընդամենն ունեցել է Յունիբանկում 185 հազար ԱՄՆ դոլար ավանդ, որը նույն տարեվերջին ավելացել է 15 հազար դոլարով, դրամական միջոցները կազմել են 215 հազար դոլար, որը տարեվերջին պակասել է 5000 դոլարով։ Սա այն դեպքում, երբ նրա աշխատավարձը կազմել է ամսական ընդամենը մոտ 147 հազար դրամ։ Բանկային ավանդից տիկին Գևորգյանը ստել է 16 641 դոլար տոկոսադրույք։

2018-ին ներկայացված պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Գևորգյանը նշել է 1 բնակարան Երևանի կենտրոնում էլիտար շենքում (նախորդ տարվա հայտարարագրում 2 բնակարան էր) և 2 հողամասեր։ Շարժական գույք, արժեթղթեր կամ թանկարժեք որևէ իր նա չի նշել։ Թերևս՝ կնոջ օրինակով, նախկին փոխվարչապետը նույնպես ավանդներ է դրել բանկերում՝ 200 հազար դոլար և 90 մլն դրամ։ Գևորգյանը հայտարարագրել է ևս 14․5 մլն դրամ։ Նրա եկամուտները տարեկան կազմել են 11մլն դրամ, որից՝ մոտ 5 մլն դրամ աշխատավարձի տեսքով, և մոտ 6 մլն դրամ փոխառություններից դիմաց ստացված տոկոսն է։

Թամարա Գևորգյանը, ըստ 2017 թ-ի հայտարարագրի, այս տարիների ընթացքում անշարժ, շարժական որևէ գույք կամ թանկարժեք իր ձեռք չի բերել, փոխարենը՝ ավելացել է նրա բանկային ավանդների չափը՝ կազմելով 200 հազար դոլար և 97 մլն դրամ, խնայված դրամական միջոցները` 5 մլն դրամ և 7500 եվրո (2500 եվրոն տարվա ընթացքում ծախսել է)։ Եկամուտները կազմել են 10 մլն դրամ, որից՝ 1․2 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է, իսկ փոխառություններից ստացված տոկոսադրույքը  մոտ 8․8 մլն դրամ է։

Հայտարարագրերի այս պարունակությունից ակամա հարց է ծագում՝ պետական պաշտոնյան ինչպե՞ս է կարողացել իր «համեստ» աշխատավարձով հսկայական միջոցներ կուտակել, տոկոսով գումարներ տալ, միաժամանակ բնակարաններ, հողամասեր ձեռք բերել։

Արմեն Գևորգյանը ո՛չ իր, ո՛չ իր կնոջ հայտարարագրերում երբևէ չի նշել արտերկրում ունեցած գույքի և ստացած եկամուտների մասին։

Մինչդեռ, 2016 թ-ին «Հետքը» հետաքննել ու բացահայտել էր նրա ընտանիքի ակտիվ գործունեությունը Չեխիայում։ Գևորգյանն ինքն էլ հաստատել էր, որ իր կինն ու ծնողները Պրահայում ներդրումներ են կատարել անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության ոլորտում, ունեն մի քանի ընկերություններ։ «Հետքի» հարցին, թե ինչո՞ւ կնոջ հայտարարագրերում այդ մասին ոչինչ չկա, Գևորգյանն ուղիղ ու հստակ պատասխան այդպես էլ չէր տվել։

Հայաստանում շինարարության ոլորտում Արմեն Գևորգյանի հետաքրքրություններին ավելի վաղ անդրադարձել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը, թե ինչպես են պաշտոնյաները հրահանգավորված տներ ձեռք բերում նրա ընկեր Սամվել Մայրապետյանի կառուցած շենքերում։ 

Աղբյուր՝ yerevanlur.am