Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք մեր դաշնակիցներից․ Լիլիթ Մակունց․ Տեսանյութ

«Քանի որ ընդդիմադիր գործընկերները որոշ շեշտադրումներ արեցին, հարկ եմ համարում նշել, որ այո՛, ՀՀ-ն և ՀՀ իշխանությունները՝ ելնելով ՀՀ անվտանգային շահերից,դիմել են ՀԱՊԿ և ՌԴ՝ ՀՀ սուվերեն տարածքի ներթափանցման կապակցությամբ՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք մեր դաշնակիցներից»,-այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է, այլ պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, Լիլիթ Մակունցն ասաց, որ  Արտաքին գործերի  նախարարը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել երեկ և իրենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում են։

«Ես կոչ եմ անում, որ այն տրամադրությունները, որոնք այսօր ցավոք սրտի հանրության որոշ շրջանակներում կան, չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել և ներկայացնել ՀՀ շահերը։ Ես կարծում եմ, որ մենք դեռևս արձագանք կստանանք»,-ասաց Լիլիթ Մակունցը։