Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր սահմանամերձ շրջանների համար 14 գործող գյուղատնտեսության աջակցության ծրագրեր կան, որոնք էֆեկտիվ են գործում․ Վահե Ղալումյան

Այսօր սահմանամերձ շրջանների համար 14 գործող գյուղատնտեսության աջակցության ծրագրեր կան, որոնք էֆեկտիվ են գործում․ Վահե Ղալումյան
Քաղաքականություն
11:36, 25 май 2021
Այսօր՝ մայիսի 25-ին ԱԺ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց իր համահեղինակած նախագիծը, որը քննարկվել էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն։

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքում» և «Գնումների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այն պետք է քվեարկման դրվեր։ 

Նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ իրենք առաջարկում են՝ սահմանամերձ համայնքներում բոլոր տեսակի ցանքատարածությունների օգտագործման պարագայում պետությունը երաշխավորի դրա 100 տոկոսով իրացումը․ «Ինչքան շատ ենք խոսում սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվողներին արտոնություններ տալու մասին, այնքան գյուղատնտեսությամբ զբաղվողների տենդենցը սկսում է պակասել և ցանքատարածնքերը շարունակում են մնալ չզբաղեցրած։

2020թ․ պատերազմից հետո մեր սահմանամերձ համայնքների թիվը մեծացել է և մենք խնդիր ունենք խրախուսելու գյուղատնտեսության բոլոր տեսակի ճյուղերը, իսկ խրախուսելու մեկ ձև ունենք՝ այնպես անենք, որ մարդիկ իրենց աճեցրածը կարողանան վաճառել, որովհետև եթե իրացման խնդիրն ապահովում ենք գյուղատնտեսությունը հաջողում է»,-ասաց նա ու հավելեց, որ ունենք իրավիճակ, երբ իրացվելու խնդիր չեն ունենում միայն խոշոր ձեռնարկատերերը․ «Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ապահովի 100 տոկոս իրացվելություն։

Նախագծի վերաբերյալ մերժումները ես կարծում եմ հիմնազուրկ են՝ ասում են թե մրցակցության խնդիր է առաջանում, ես ուզում եմ հասկանալ հիմա սահմանամերձ շրջանի բնակիչը որևէ կերպ մրցակցության մե՞ջ է որևէ այլ շրջանի բնակչի հետ։ Իրենք իրենց պայմաններով արդեն խոցելի վիճակում են»,-ընդգծեց անկախ պատգամավորը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն էլ նշեց, որ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է հանձնաժողովում, և նախագիծը ներկայացնող պատգամավորը չի կարողացել սպառիչ պատասխաններ տալ․ «Մենք գտնում են, որ չկա այն գերատեսչությունը, որը կարողանա սույն հարցով զբաղվել։ Խորհրդային տարիներում պետական համակարգն ունեցել է մթերման գրասենյակներ, որոնց միջոցով մթերումը կատարել է, պահեստավորել , այնուհետև իր ցանցերի միջոցով կատարել է սպառումը։ Հիմա չկա ֆինանսական հաշվարկ թե կառավարության վրա որքան է արժենալու»։ 

Վահե Ղալումյանի խոսքով այսօր 14 գործող գյուղատնտեսության աջակցության ծրագրեր կան սահմանամերձ շրջանների համար, որոնք էֆեկտիվ են գործում։ Նա կոչ արեց պատգամավորներին նախագիծը չներառել նստաշրջանի օրակարգ։ 

23 կողմ, 44 դեմ, 11 ձեռնպահ ձայների համադրությամբ Թագուհի Թովմասյանի համահեղինակած նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ։