Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Աճեմյանի՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին

Գևորգ Աճեմյանի՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին
Քաղաքականություն
14:00, 25 май 2021
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քննարկվեց «Իմ քայլը» դաշինքի նախկին անդամ Գևորգ Աճեմյանի Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշման նախագիծը։ 

Զեկուցող՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն ընդգծեց, որ Գևորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից անհարգելի պատճառով չի մասնակցել ավագանու 2020թ․ դեկտեմբերի 22-ի, 2021թ․ փետրվարի 9-ի, 2021թ․մարտի 16-ի և 2021թ․մայիս 20-ի հերթական նիստերին, մինչդեռ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել նիստերին․ «Գևորգ Աճեմյանը նաև չի անդամակցել Երևանի ավագանու որևէ մշտական հանձնաժողովին և մասնակցել դրա նիստերին, սակայն նա պարտավոր էր։ Սա նախագծի իրավական մասն էր, բայց այն ունի նաև քաղաքական մաս։ Անընդունելի է՝ անձնական շահերի ակնկալինքները չբավարարելու պատճառով սեփական՝ արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը»,-հավելեց Գալջյանը։ 

Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը հարց ուղղեց՝ Գալջյանին․ «Ձեր թիմից կան այլ ավագանիներ, որոնք ևս չեն մասնակցել նիստերին, հիմա հարցը քաղաքակա՞ն է, թե՞ իրավական։ Մենք կառուցում ենք օրենքի՞ երկիր, թե՞ քաղաքական նպատակահարմարության երկիր»։

Արմեն Գալջյանն ի պատասխան Մանրիկյանի ընդգծեց, որ պետք չէ նույնականացնել այլ անդամներին, քանի որ Գևորգ Աճեմյանը նույնիսկ չի բնակվում Հայաստանում և ֆիզիկապես չի կարող իրականացնել Երևանի ավագանու անդամի պարտականությունները։ 

«Նա նաև հայտարարել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից։ Սա քաղաքական մարմին է և բնական է, որ քաղաքական որոշումներ էլ են կայացվում»,-այսպես արձագանքեց Գալջյանն ի պատասխան Իզաբելլա Ավագյանի այն հարցին՝ արդյոք որևէ մեկը կապ հաստատել է Աճեմյանի հետ՝ ճշտելու նա գալու է Հայաստան, թե ոչ։ Իզաբելլա Աբգարյանը նաև դիտարկում էր արել, որ Աճեմյանի վերաբերյալ նախագծի իրավական մասը հասկանալի էր, իսկ քաղաքականը՝ ոչ։

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ կարծիք հայտնեց, որ, եթե Գևորգ Աճեմյանը չի գալիս նիստերին՝ ապա իր փոխարեն մեկ ուրիշը կարող է աշխատել։

Քվերակությամբ որոշվեց Գևորգ Աճեմյանի Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։