Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանին հիմա հիշող կա՞, գոլորշիացել է, նույնն էլ Քոչարյանի հետ է լինելու․ քաղաքագետ

Վազգեն Մանուկյանին հիմա հիշող կա՞, գոլորշիացել է, նույնն էլ Քոչարյանի հետ է լինելու․ քաղաքագետ
Քաղաքականություն
21:14, 25 май 2021
 
«Քոչարյանը քայքայիչ աշխատանք է տանում, ահաբեկչություն է իրականացնում  Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա իրեն «սլեսարի» տեղ է դրել ու փորձում է մաշացնել քաղաքական ուժերին։ Իսկ դա նշանակում է, որ ինքը իր հերոսական կեցվածքի հետ միասին ունի նաև ներքին տագնապ, որ չի անցնելու խորհրդարան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի երկրորդ համարը՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այսօրվա պնդումներին։
 
 Իսկ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անդրադառնալով նախընտրական հարցումներին, իրենց ուժի և իշխանության վարկանիշին նշել էր, որ իրենք չեն ասում, որ այսօրվա վարչապետի պաշտոնակատարը վարկանիշ չունի: Բայց իրենք նաև վստահ են, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում հնարավոր չէ վերընտրվել վարչապետ, եթե չլինեն այլ ուժեր, որ պատրաստ են համագործակցել ներկայիս իշխանական ուժի հետ: «Դեռ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանների հետ համագործակցել, և որը կարող է անցնել խորհրդարան: Հետևաբար, բավական հստակ է իրավիճակը, որ եթե նույնիսկ մինչև ընտրություններ չհաջողվի այդ 30 տոկոսը մաշեցնել մինչև 15-20 տոկոսը, այդ քաղաքական ուժը ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն ու վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա: Սա ակնհայտ է: Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոքը»,- ասել է Քոչարյանը։
 
 Շիրինյանի խոսքով՝ այս օրերին ինքը որ մարզում լինում է, որտեղ բնակիչների հետ հանդիպում է նույն պատկերն է, ժողովուրդն ատում է Քոչարյանին. «Ինչքան Քոչարյանը խոսում է, նոր միտք է ասում, ժողովրդի մոտ ատելությունն այդքան մեծանում է։ Ինքը լավ կանի ընտրությունների նախօրյակին քվեաթերթիկից դուրս գա, որովհետև այդ ատելության մթնոլորտում հնարավոր չէ ոչինչ անել՝ նույնիսկ պետություն քայքայել»,- ասաց Շիրինյանը։
 
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունն այնքան խոհեմ կգտնվի, որ եթե չկարողանա միայնակ ձևավորել կառավարություն, ապա գնա կոալիցիոն կառավարության ձևավորման, որը կլինի հեղափոխական ուժերի համախմբման կառավարություն։
 
 «Եվ Քոչարյանին չի հաջողվի «մաշացնել» այդ պոտենցիալ կոալիցիոն ուժերին։ Նոր Ազգային ժողովը կարող է նիստ գումարել, սեփականությունից զրկել Քոչարյանին ու նրան ուղարկել այնտեղ՝ որտեղ պետք է։ Քոչարյանին չի հաջողվելու ոչ մի քայլ անել։ Վազգեն Մանուկյանին հիմա հիշող կա՞, գոլորշիացել է, նույնն էլ Քոչարյանի հետ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։
 
 Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ իշխանության հետ ապագայում հնարավոր կոալիցիա ձևավորող ուժերին մաշացնելու ուղղությամբ Քոչարյանի ջանքերը իզուր են, քանի որ այդպիսի ուժերը, փոքր կուսակցությունները, ըստ էության, շանս չունեն խորհրդարանում հայտնվելու. «Ես այս պահին այդպիսի ուժ չեմ տեսնում, որը շանս ունի հաղթահարել անցողիկ շեմը, որ մի հատ էլ կոալիցիա կազմի իշխանական ուժի հետ։ Իշխանությունը միայնակ է մնալու այդ պայքարում՝ կամ հավաքելու է այնքան ձայն, որ անցնելու է խորհրդարան ու միայնակ կառավարություն ձևավորի, կամ չի կարողանալու ինքնուրույն կառավարություն ձևավորել։ Կրկնում եմ, չեմ կարծում, որ խորհրդարան կանցնեն այնպիսի ուժեր, որոնք պատրաստ կլինեն կոալիցիա կազմել իշխող քաղաքական ուժի հեետ»,- ընդգծեց Բաղդասարյանը։
 
Արփի Հարությունյան