Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես էին 60 օրում պատրաստվում տալ Մեղրին և ինչ կապ ուներ Շուշին

Ինչպես էին 60 օրում պատրաստվում տալ Մեղրին և ինչ կապ ուներ Շուշին
Քաղաքականություն
20:57, 25 май 2021
Վերջին շրջանում հասկանալիորեն շատ է քննարկվում Մեղրիի թեման ու սոցցանցերում կրկին շրջանառվում է այն փաստաթուղթը, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ Ռոբերտ Քոչարյանը քննարկման է դրել Անվտանգության խորհրդի նիստում: Ըստ այդ փաստաթղթի՝ Մեղրին պետք է փոխանցվեր Ադրբեջանին՝ Ղարաբաղի դիմաց: Մենք առանձնացրել ենք մի քանի կարևոր կետեր այդ համաձայնագրից:

Այդ համաձայնագրի 1-ին հոդվածում ասվում էր՝
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնա­յին Ղարաբաղի Ինքնավար Մար­զի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությա­նը։ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավել­վածում) փոխանցվում է Ադրբե­ջանի Հանրապետությանը։

Համաձայնագրի 4-րդ հոդվածում ասվում էր՝
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հա­յաստանն սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդա­մի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կու­բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շր­ջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։

Իսկ 5-րդ հոդվածում ասվում էր՝
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկս­վում է Մեղրիի շրջանի բնակչու­թյան եւ ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։
Ուշագրավ է փաստաթղթում եղած հետևյալ նախադասությունը. «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը»:

Սա վկայում է այ մասին, որ Շուշին բանակցային սեղանին դիտարկվել է որպես մի տարածք, որ դրվում է ադրբեջանական 7 շրջանների ցանկում, հակառակ դեպքում դա չէր դիտարկվի Լեռնային Ղարաբաղից առանձին, եւ չէր դրվի Լաչինի միջանցքի հետ նույն շարքում:
Ստացվում է, որ Շուշիի թեման միշտ է եղել խնդրահարույց և դեռևս 1999թվականից եղել է բանակցությունների քննարկման առարկա։

Լուսանկարը՝ Photolure-ի