Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՄԱԿ ԱԽ դիմելը քայլերից մեկն է, սակայն ամեն քայլ ունի իր ժամանակը և նպատակահարմարությունը»․ Ռուբեն Ռուբինյան․ Տեսանյութ

ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով այն տեսակետներին, որ եթե հայկական կողմը Սյունիքում ռազմական գործողությունների չի դիմում, ապա չի կարող ակնկալել իր դաշնակիցների աջակցությունը, ասաց, որ նախ հենց մեր դաշնակիցներն են հորդորում չսրել իրավիճակը և փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, և հետո, այն դաշնակցային ֆորմատները, որոնցում մենք ներգրավված ենք, ունեն հստակ հոդվածներ կոնկրետ դեպքերի վերաբերյալ։ «Մենք ոչ թե, ոչ մի բան չանելով խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով, ընդ որում խոսքը գնում է և՛ ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով դիմելուն, և՛ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա վարչապետի նամակին, և մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները կաջակցեն մեզ այս հարցը լուծելու գործում», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը չբացառեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին կդիմի նաև 4-րդ հոդվածով։

Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ դիմելու Էդմոն Մարուքյանի առաջարկին, Ռուբինյանը նշեց, որ դա քայլերից մեկն է, սակայն ամեն քայլ ունի իր ժամանակը և նպատակահարմարությունը։

Ռուբինյանի կարծիքով Ադրբեջանի գործողությունները կապ ունեն Հայաստանում ընթացող նախընտրական շրջանի հետ։ «Փորձ է արվում ներազդել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներին։ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանում տիրի լիակատար քաոս, բայց մենք պետք է բոլորով ձևավորենք կոնսենսուս առ այն, որ Հայաստանի ընտրություններում կարող են լինել միայն Հայաստանի քաղաքական ուժերը։ Ակնհայտ է՝ Հայաստանը ապակայունացնելու Ադրբեջանի միտումը և պետք է կոնսենսուս, որ սա անթույլատրելի է և չպետք է դառնա ներքաղաքական շահարկումների առարկա», - ասաց Ռուբինյանը։