Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում վարչապետի այցի դեմ խուլիգանություն կազմակերպելու մեջ մեղադրվող Մեղրիի համայնքապետը՝ Քոչարյանի դաշինքի ցուցակում

Սյունիքում վարչապետի այցի դեմ խուլիգանություն կազմակերպելու մեջ մեղադրվող Մեղրիի համայնքապետը՝ Քոչարյանի դաշինքի ցուցակում
Քաղաքականություն
12:45, 26 май 2021
Խուլիգանություն կազմակերպելու մեջ մեղադրվող Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ընդգրկվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Նա ընտրացուցակի 17-րդ տեղում է։ 

Նշենք, որ այս տարվա ապրիլ ամսին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ սյունեցիներ փակել էին Փաշինյանի ճանապարհն ու նրան ուղղված հայհոյանքներ էին հնչեցնում։ Մեղրիում կազմակերպած այդ ակցիայի ժամանակ ներկա էր նաև Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։ 

Մեղրիի համայնքապետին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2 և 5-րդ կետերով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։

Հիշեցնենք, որ Սյունիքում ակցիաների դեպքով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Նշենք, որ Շուռնուխի դեպքով քրեական գործը հարուցվել էր՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), իսկ Ագարակի և Մեղրիի դեպքերով  258-րդ հոդվածի 3-րդ մասի՝ 1,2 և 5-րդ մասերով (կազմակերպված խուլիգանություն, որը զուգորդվել է ցինիզմով և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Ավելի քան 25 անձ մեղադրյալ է ներգրավվել։