Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ ենք ՔՊ-ի ցուցակում ընդգրկված գործիչները պատասխանատվություն կստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում․ Վահագն Ալեքսանյան

Վստահ ենք ՔՊ-ի ցուցակում ընդգրկված գործիչները պատասխանատվություն կստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
14:26, 26 май 2021
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական ցուցակը այսօր կհրապարակենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջում։ Մի շարք գործիչներ, որոնք գործադիրում են՝ նրանք չկան ցուցակում»,-այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։

Նշենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնարկել է արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններ ու դաշինքների նախընտրական ցուցակների գրանցման գործընթացը։  

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ՔՊ-ի ցուցակում ներառված են գործիչներ թե՛ գործադիրից, թե՛ Ազգային ժողովից։ Ինչ վերաբերում է ցուցակում գորածարարների՝ այդ թվում Գուրգեն Արսենյանի ներգրավվածությանը՝ պատգամավորը  պարզաբանեց, որ այն գործարարը, որն ընտրվում է ԱԺ պատգամավոր՝ մանդատը ստանձնելուց հետո այլևս չպետք է զբաղվի գործարարությամբ․ «Մենք բոլոր այն գործիչներին, որոնց ընդգրկել ենք մեր նախընտրական ցուցակում՝ վստահություն ունենք, որ այդ գործիչները պետք է որոշակի ներգրավում ունենան պետական կառավարման գործում և որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում»։ 

Վահագն Ալեքսանյանը հիշատակեց նաև, որ Հայաստանում գործարարների՝ քաղաքականության մեջ ներգրավվածության վերաբերյալ ամենաշատը դեմ խոսող քաղաքական ուժը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն էր, որն անցած ընտրություններին ցուցակում ևս ուներ գործարարներ։ 

Լրագրողների այն հարցին՝ արդյոք փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ցուցակում չլինելը կապված է գործարար Խաչատուր Սուքիասյանի ցուցակում ընդգրկվելու հետ, և արդյոք դա պայմանավորված է Խաչատուր Սուքիասյանի փոխվարչապետ լինելու հեռանկարով՝ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց․ «Ես ճիշտն ասած չգիտեմ դուք որտեղից վերցրեցիք այդ ամենը ինչ-որ ասեցիք, որովհետև դեռ պետք է ընտրություններ լինեն, պետք է կառավարություն կազմվի այդ ընտրություններից հետո և նոր վարչապետ ու փոխվարչապետեր ընտրվեն ու նշանակվեն»։ 

Լրագրողների դիտարկմանը՝ Ձեզ չի՞ մտահոգում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ավագանու նիստի ժամանակ ասաց, որ ընտրություններն իրեն չեն հետաքրքրում՝  Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Քաղաքապետի այդ հայտարարությունը չեմ լսել, բայց Հայկ Մարությանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և հանդիսանում է Երևանի քաղաքապետ»։