Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում կոալիցիա չենք կազմի Հոկտեմբերի 27-ը՝ 5 ռոմանտիկների կատարած սպանություն համարող քաղաքական ուժի հետ․ Անի Խաչատրյան

ԱԺ-ում կոալիցիա չենք կազմի Հոկտեմբերի 27-ը՝ 5 ռոմանտիկների կատարած սպանություն համարող քաղաքական ուժի հետ․ Անի Խաչատրյան
Քաղաքականություն
17:13, 26 май 2021
««Հանրապետություն» կուսակցության ցուցակում 103 թեկնածու են այս պահի դրությամբ, ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը»,-այսօր ԿԸՀ-ում «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացնելիս ասաց  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Ցուցակի երկրորդ համարը Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, որին հաջորդում եմ ես»,-նշեց Անի Խաչատրյանն ու շարունակեց ներկայացնել ցուցակում ընդգրկված առաջին քսան անձանց անունները․ «Ցուցակի երրորդ համարը Ռոմիկ Մխիթարյանն է, այնուհետև Բորիկ Նազարյանը, Անահիտ Ադամյանը, Մանվել Ղազարյանը, Ալբերտ Հովասափյանը, Հայկանուշ Ղշյանը, Տավրոս Սափեյանը, Ռոբերտ Մանուկյանը, Քրիստինե Սարոյանը, Հովիկ Արսենյանը, Մասիս Մելքոնյանը, Ելենա Ասիրյանը, Սամվել Ադամյանը, Արամ Գեղամյանը, Սուսաննա Գյուրջյան, Արսեն Մակվեցյան, Սուրեն Ղուկասյան»։

Լրագրողների հարցին՝ ցուցակում կա՞ն գործարարներ՝ Անի Խաչատրյանը շեշտեց, որ խոշոր գործարարներ ցուցակում չկան։ 

Անդրադառնալով հարցին՝ «Հանրապետություն» կուսակցությունը կհամագործակցի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ Անի Խաչատրյանն արձագանքեց․ «Ամեն ինչ կախված է ընտրության արդյունքներից, առհասարակ խորհրդարանական մոդելն իր մեջ կոալիցիաներ է պարունակում»։ 

Ինչ վերաբերում է մասնակից քաղաքական ուժերին՝ Անի Խաչատրյանը նշեց, որ այս արտահերթ ընտրություններում բնականաբար կան մասնակից քաղաքական ուժ կամ ուժեր, որոնց հետ «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա չի կազմի․ «Այն մարդիկ, որոնք հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած ոճրագործություն կամ սպանություն՝ այդ մարդկանց հետ «Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարանում չի կարող կազմել կոալիցիա, դա բացառված է»։  

Նա նաև հավելեց, որ ինչպես բոլոր քաղաքական ուժերը՝ իրենք ևս գնում են հաղթանակի։