Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է Սիսիան և Սարչապետ համայնքների ղեկավարների կողմից Քոչարյանի համար ընտրակաշառք խոստանալու մասին լուրերը

Դատախազությունն ուսումնասիրում է Սիսիան և Սարչապետ համայնքների ղեկավարների կողմից Քոչարյանի համար ընտրակաշառք խոստանալու մասին լուրերը
Քաղաքականություն
22:58, 26 май 2021
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը իր մոտ է կանչել դպրոցի բոլոր ուսուցիչներին, ծնողներին և խոստացել ընտրակաշառք բաժանել՝ նշելով, որ հարկավոր է Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկել։  

Իսկ Սիսիան համայնքի համայնքապետ Արթուր Սարգսյանը վարչական ղեկավարների միջոցով բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների տվյալներն է պահանջել և անգամ մանկապարտեզների դաստիարակներին սպառնալիքի ուժով ստիպում է առաջիկայում կայանալիք ընտրությունների ժամանակ Քոչարյանի օգտին քվեարկել։ 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Դատախազությունն ուսումնասիրում է վերոնշյալ հրապարակումները։ Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը մեկնաբանելով տարածվող լուրերը, ասաց․ «Շատ սխալ է, ես չեմ կարող տենց բան անեմ, սա քաղաքական հետապնդում է։ Եթե ես իրոքից տենց բան եմ արել՝ թող դիմեն Ազգային անվտանգություն, Ոստիկանություն, իսկ ինչ-որ իմ անձնականին են կպել, զրպարտանք են արել՝ ես դրա համար վաղը կդիմեմ դատարան՝ պատիվ կպահանջեմ»։ 

Հարցին՝ ու՞մ կողմից է քաղաքական հետապնդում իրականացվում, Բարոյանը չպատասխանեց և ասաց, որ ինքը այս ընտրություններում ոչ մեկի չի աջակցում։ Մենք փորձեցինք կապվել նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ, սակայն նա  չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Հավելենք, որ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, որ ընտրակաշառք բաժանելու մասին լուրեր տարածվում են հայտնի շրջանակների հետ կապված, և այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները։ 

«Ինձ զեկուցել են, որ արդեն կա 2-3 օպերատիվ գործ մի քանի ուղղություններով, այդ անձանց շրջանակը պարզված է, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի վերաբերյալ, նրանց նկատմամբ օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք, բնականաբար, չեն կռահում։ Կարող եք հանգիստ լինել այդ առումով, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն», - ասել էր Փաշինյանը։ 

Գեղամ Ադյան