Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը ստում է. նրա պաշտոնավարման տարիները հիշվում են որպես բիզնես խլելու տարիներ

Քոչարյանը ստում է. նրա պաշտոնավարման տարիները հիշվում են որպես բիզնես խլելու տարիներ
Քաղաքականություն
23:36, 26 май 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպում է ունեցել գործարարների հետ և բավական ուշագրավ հայտարարություններ է արել իր պաշտոնավարման տարիներին գործարարների, տնտեսական միջավայրի մասին։ Քոչարյանը հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը իր պաշտոնավարման տարիներին կարևորել է բիզնեսի պաշտպանվածությունը։  

«1999 թվականից այս կողմ չեք կարող ասել որևէ դեպք, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն մտել է որևէ բինզես, ստուգել է, «մասկի շոու» է արել, պառկեցրել գետնին։ Չի եղել նման բան, բացառվում է»,- ասել է Քոչարյանը և հավելել, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, երբ հարկերն ավելանան։ Հարկերը միայն նվազել են և դրա հետ մեկտեղ հարկերն ավել են հավաքագրվել, ՀՆԱ-ն աճել է երկնիշ թվերով։  

Քոչարյանի պաշտոնավարման տարիներից անտեղյակներին կթվա, որ մի հրաշալի ժամանակահատված է եղել բիզնեսի, տնտեսության զրգացման համար, բայց դրանից լավատեղյակները Քոչարյանի պաշտոնավարման տարիները ասոցացնում են բիզնեսներ խլելու, բիզնեսմեններին հալածելու,  լավագույն բիզնեսները միայն յուրայիններին շնորհելու, նրանց համար արտոնյալ պայմաններ ստեղծելու հետ։  

Հիշողությունը շատ չծանրաբեռնելով մատների վրա կարելի է  թվարկել բազմաթիվ բիզնեսներ խլելու օրինակներ։ Ընդ որում՝ դրանցից մեծ մասի դեպքում խլելու պրոցեսը սկսվել  Քոչարյանի ժամանակ և «բարեհաջող» ձևով ավարտվել Սերժ Սարգսյանի օրոք։ Վառ օրինակներից մեկը գործարար Խաչատուր Սուքիասյանի «Բջնիի» դեպքն է, երբ 2008-ին Խաչատուր Սուքիասյանը որոշում կայացրեց կանգնել ընդդիմության կողքին և անմիջապես հետո սկսվեց նրա բիզնեսը խլելու գործընթացը։ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բիզնեսով կարող էին զբաղվել բացառապես իր մտերիմները, բարեկամներն ու յուրայինները։  

Վառ օրինակներից է  նաև «Արարատցեմենտ»-ի գործարանը Արամ Սարգսյանից խլելու գործընթացը, որը ևս սկսվեց Քոչարյանի ժամանակ։ 2001-ին իշխանությունների նկատմամբ հստակ արտահայտված ընդդիմադիր կեցվածք ունեցող Արամ Սարգսյանին չհաջողվեց պահել իր իսկ ղեկավարած ձեռնարկությունը։ Այդ ժամանակ «Արարատցեմենտ»-ը մասնավորեցվեց և մրցույթը հաղթեց շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը։

Հենց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1999 թվականին, նախկին իշխանությունների մտերիմ Աշոտ Արսենյանը ամերիկահայ գործարար, «Ջերմուկ» ՓԲԸ-ի 50% բաժնետեր Կայծակ Զեթլյանից խլեց «Ջերմուկ» ՓԲԸ-ն։ Արսենյանին, իհարկե, դա հաջողվեց բացառապես իշխանության հովանավորությունը վայելելու արդյունքում։ Այնուհետև կրկին իշխանության հովանավորության հետևանքով Կայծակ Զեթլյանից խլվեց նաև Երևանի գինու, օղու, կոնյակի գործարանը։

Նման օրինակները բազմաթիվ են։

Արժե հիշեցել նաև այն օրինակը, երբ 2018-ին վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչպես էին գործարարները պատմում, թե ժամանակին իրենց բիզնեսը ոնց են խլել, ֆիզիկական հաշվերհարդար տեսել իրենց հետ ու հալածել։

Հայաստանում Քոչարյանի ստեղծած այլասերված դատական համակարգի պատճառով բիզնեսը կորցրած և Ֆրանսիա վերադարձած Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի պնդումներին նիկատեց,  որ  սարսափելի վատ է վերաբերում Ռոբերտ Քոչարյանին։  

«Նրա օրոք է Հայաստանում աղքատությունը աճել, մարդիկ ստիպված փախնում էին Հայատանից, քանի որ իրենց բիզնեսները խլվում էին, ինչ որ մարդիկ էին գալիս և ասում, որ այդ բիզնեսը պետք է տան իրենց։ Այդ ամենին ես անձամբ չեմ առնչվել, բայց շատ եմ լսել դրա մասին։ Ինձ անձամբ ավելի մեծ խոչընդոտներ ստեղծել է Սերժ Սարգսյանը, բայց ինձ համար Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն մարդիկ են։ Նրանց մեթոդներ նույն են։ Բլորը գիտեին, որ եթե դու իրենց մարդը չէիր, ապա բիզնեսում չէիր կարող հաջողել։ Դա էր իրականությումը»,- ասաց տիկին Գործունյանը՝ հավելելով, որ զարմանում է, որ Հայաստանում դեռ մարդիկ կարող են գտնվել, որ կարող են ընտրել Քոչարյանին։ «Մարդ ինչպե՞ս կարող է այդքան շուտ մոռանալ ամեն ինչ, մոռանալ Հոկտեմբերի 27, մոռանալ տնտեսական անկումը, ճգնաժամը, ահռելի արտագաղթը, Մարտի 1-ի դեպքերը, ժողովրդի սպանդը։ Ես այդ ժամանակ Հայաստանում էի և իմ աչքերով եմ տեսել այդ ամենը։ Դրա համար ինձ ուղղակի զարմացնում է այն փաստը, որ մարդիկ կան, որոնք ցանկանում են, որ Քոչարյանը վերադառնա։ Դա դժբախտություն է։ Ինձ համար դա նույնն է, որ մի ազերի բերեն ու նստեցնեն իշխանության ղեկին։ Մենք այլևս երկիր չենք ունենա։ Ես մեկ-մեկ հայերին չեմ հասկանում և չեմ կարողանում հավատալ, որ այսօր Հայաստանում Քոչարյանին ձայն տվող քաղաքացի կարող է լիել»,- եզրափակեց Գործունյանը։

Արփի Հարությունյան