Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության նիստում դռնփակ քննարկվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հետ կապված հարցեր․ Գեղարքունիքի մարզպետ․ Տեսանյութ

Իրավիճակը Գեղարքունիքի սահմանի հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ։ Իհարկե, կա լարվածություն, քանի որ Մայիսի 12-ից սկսած Կութ և Վերին Շորժա բնակավայրերի հարակից հատվածում կան ադրբեջանական բանակի ներկայացուցիչներ, որը մեր սուվերեն տարածքն է, և նրանք խախտել են մեր սահմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ լարվածություն կա և առավել ևս այսօրվա 6 զինվորների առևանգումը դատապարտելի է։ Հարցին թե կա արդյոք հրաման  հայկական կողմին չգերեվարելու ադրբեջանցի զինվորներին, նա նշեց, որ չի կարող նման հարցի պատասխանել, տվյալ իրավիճակի հետ կապված որոշումները կայացնում են ՊՆ-ն և ԳՇ-ն։

«Ե՛վ կամավորները, և՛ համայնքի ղեկավարները ընդամենը աջակցում են ՊՆ-ի մեր գործըկերներին։ Ոչ մի տեղ համայնքի ղեկավարը գլխավոր բանակցող չի հանդիսանում։ Կարող է էնպես լինել, որ մեր ԶՈւ գործընկերների հետ մեր որևէ համայքնի ղեկավար կամ քաղաքացիական անձ մասնակցի բանակցություններին, զուտ ներկա լինելու, աջակցելու համար, բայց գլխավոր բանակցողը նրանք են», - նշեց մարզպետը։

Նա նշեց, որ հայկական կողմը դիվանագիտական ճիշտ աշխատանք է անում, որ խնդիրները լուծվեն՝ խաղաղ ճանապարհով։

Դիտարկմանը, որ արդեն կա մեկ զոհ և գերիներ, նա նշեց․ «Իհարկե,դա դատապարտելի է, ու մինչ օրս բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, ցավոք սրտի՝ հաշվի առնելով, որ նրանք դեռ գտնվում են մեր սուվերեն տարածքում»։

Նրա խոսքով՝ կարող է ավելի լարվել իրավիճակը, քանի որ հնարավոր չէ այսպես անընդհատ շարունակել․ «Մարդիկ են, զինվորներ են, նյարդեր են․ կարող են անընդհատ ինչ-որ միջադեպեր տեղի ունենալ, որը կարող է նաև անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, դրա համար մեր կոչը, հորդորն ու մեր կողմից արված աշխատանքն այն է, որ ժամ առաջ դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի»։

Հարցին թե արդյոք Կութ գյուղի բնակիչներին տարհանման խնդիր չկա, նա նշեց, որ այս պահին չկա նման որոշում կայացնելու կարիք․

«Միջադեպը տեղի է ունեցել սահմանին մոտ հատվածում, ոչ թե բնակավայրի հատվածում։ Իհարկե, բոլորիս շրջանում կա անհանգստություն»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանից ի՞նչ հրանահանգներ է ստացել մարզպետը, նա նշեց, որ տարբեր հարցեր են քննարկվել և որոշակի հանձնարարականներ ստացել, որը կիրականացնեն։

Հակառակորդի զինուժի թվաքանակը մարզպետին հայտնի է,սակայն դա չի հրապարկվում․ «Մենք ինֆորմացիային տիրապետում ենք ամբողջությամբ։ Գիտենք որտեղ են, քանի հոգի են, տեղաշարժ գիտենք, երբեմն դա փոխվում է։ Վայրեր կան որտեղ նոսրացել է նրանց թվաքանակը»։