Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյա՞նն է դեմ եղել Աշոտյանի և Շարմազանովի ներգրավմանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակում

Քոչարյա՞նն է դեմ եղել Աշոտյանի և Շարմազանովի ներգրավմանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակում
Քաղաքականություն
15:38, 27 май 2021
Ինչպես երեկ արդեն պարզ դարձավ, ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքում վերջնականապես ներգրավված չեն ՀՀԿ փոխնախագահներ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը։ 

Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նրանք կուսակցության առանցքային դեմքերն են, որքան էլ երեկ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան լայվ էր մտել և փորձում էր բացատրել, թե ինքն ու Շարմազանովը դեմ են եղել արտահեթին, դրա համար չեն մասնակցում։ «Ընդդիմադիր բոլոր ուժերով չպետք է թույլ տայինք, որպեսզի այս ընտրությունները տեղի ունենան»,-հայտարարել է Աշոտյանը:

Հիշեցնենք, սակայն, որ արտահերթին դեմ արտահայտվել է ամբողջական ՀՀԿ-ն՝ հայտարարությամբ, և հենց Սերժ Սարգսյանը, այնպես որ Աշոտյանի հավաստիացումները արժանահավատ չեն թվում։  

Խնդիրը թերևս այլ տեղ է: Այլևս ակնհայտ է, որ «Պատվի ունեմ»-ը, եթե իհարկե կարողանա անցնել խորհրդարան, նպատակ ունի կոալիցիա կազմել Քոչարյանի «Հայաստան» դաշինքի հետ։ Երեկ ԿԸՀ ցուցակ տարած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը անհաղթահարելի խոչընդոտ չի տեսնում «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության։ ««Հայաստան» դաշինքը այն ազգային ուժերից մեկն է, որի հետ համագործակցությունը ընտրությունների արդյունքներից հետո լիովին պատկերացնում ենք»,- հայտարարեց նա։

Իսկ Աշոտյանն ու Շարմազանովը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի կողմից ու Միքայել Մինասյանի ԶԼՄ-ներով կիրառվել են որպես Քոչարյանին Մարտի 1-ի միակ մեղավոր կարգելու խոսափողներ։ 

Չի բացառվում, որ հենց Քոչարյանն է պահանջել, որ նրանք չլինեն ցուցակում, եթե ՀՀԿ-ն կոալիցիոն հակումներ ունի։ 

Հիշեցնենք նաև, որ «Մարտի 1-ի» գործով հիմնական մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հրապարակավ հայտարարել էր, որ 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանությունը եղել է ոչ թե հեռացող նախագահի, այլ կառավարության՝ այսինքն, վարչապետի ենթակայության ներքո, հետևաբար ոստիկանության գործողությունները «Մարտի 1-ին» համակարգել է այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը։ 

Մարինե Խառատյան