Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը՝ Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանին տալն էր․ Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը՝ Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանին տալն էր․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
12:41, 28 май 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակի շտաբ։

Համախոհների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշել են այսօր հանդիպումների շարք անցկացնել Երևանի նախընտրական շտաբների ակտիվիստների հետ։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց համախոհներին շնորհակալություն հայտնելով, առաջին հերթին այն բանի համար, որ այս դժվար  ժամանակներում պինդ են մնացել։

«Որովհետև ես գիտեմ, թե ինչքան ծանր և դժվար է եղել ձեզ համար։ Եվ մի այսպիսի առանձնահատկությանն եմ ձեր ուշադրությունն ուզում հրավիրել։ Դա հետևյալն է, որ ըստ էության մեզ մեղադրում են բոլոր այն բաներում ինչում հնարավոր է մեղադրել անհատին և կառավարությանը։ Սկսած նրանից, որ մենք սատանայի հետևորդներ ենք։ Բոլոր հնարավոր մեղադրանքները, սա բացառիկ իրավիճակ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով մեկ այլ բացառիկ իրավիճակի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ բոլոր մեղադրանքներում, ինչում իրենց մեղադրում են, ծանրակշիռ մեղադրանքներից որևէ մեկի մեջ իրենք մեղավոր չեն, նշելով, սակայն, թերացումներ իհարկե բոլորն ունեն։

Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է համախոհներին հուզող հարցերին։

Պատասխանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Այն պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից հնարավոր չէր խուսափել։ Եվ էականը ոչ թե պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումները։ Դա մի երկրաշարժ էր, որը շատ բաներ փլուզեց, մեծ փլուզումներ տեղի ունեցան։
Բայց, երբ երկրաշարժ է լինում ու շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան դա է, ասում են՝ դե ցեմենտը կերել էին, արմատուրան լավ չէին դրել, շինարարությունը որակով չէին արել։ Այս դեպքում էլ մենք պիտի նույնն ասենք և կարող ենք ասել։ Հիմա ես չեմ ուզում, որ էլի տրամաբանությունը գնա նրան, որ ասեն՝ նորից նախկինների՞ն եք մեղադրում։ Ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նախկիններն են մեզ մեղադրում։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ եթե հայտարարություն է արվում, խոսքը պետք է ասվի մինչև վերջ։

«Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ էսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Երբ որ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, էն ժամանակ իրավունք կունենանք ընդհանրապես այդ բանի մասին խոսելու»,- ասաց նա։