Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է իմ հրապարակած բանաձևին․ Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է իմ հրապարակած բանաձևին․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
14:35, 28 май 2021
«Մենք չենք գնալու իրավիճակի սրման և այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով եւ երեկ բանաձեւը ես հրապարակել եմ», - այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում Փաշինյանը չասելով, թե որ երկրի մասին է խոսքը՝ տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն արդեն նախնական արձագանքել է սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին իր հրապարակած բանաձևին։ «Հույս ունեմ մյուս համանախագահ երկրներն էլ կարձագանքեն․ եւ այսօր կամ մի քանի շաբաթվա մեջ կարելի է զորքրերը ետ քաշել, ընդհանրապես առանց նախապայմանների», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի նախագահին առաջարկում է երկկողմանի հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի  եւ Սյունիքի մարզերի սահմանային հատվածներից։

Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանին տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։